Exclusive NEWS.am STYLE. Հարութ Փամբուկչյանը` հայկական շոու-բիզնեսի, Սիրուշոյի եւ առաջիկա ծրագրերի մասին

11:05   16 սեպտեմբերի, 2016

Հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանին հանդիպեցինք երեւանյան կինոպրեմիերաներից մեկի ժամանակ: Պարզվում է` երգչին Հայաստան է բերել հայկական հեռուստատեսության նախագծերից մեկին մասնակցությունը: Դե, մենք էլ առիթը բաց չթողեցինք եւ մի լավ «հարց ու փորձ» արեցինք մեր սիրելի Ձախ Հարութին:

«Առաջիկայում նոր երգեր եւ տեսահոլովակներ կնկարահանեմ, որոնք կտեսնեք շուտով, իսկ առայժմ այստեղ եմ Հանրային հեռուստատեսության նախագծերից մեկին մասնակցելու նպատակով»,-NEWS.am STYLE-ին տեղեկացրեց երգիչը:

Խոսելով հայ երգիչների հետ համագործակցության մասին` Հարութը նշեց.

«Սովորաբար երգիչներն են ինձ համագործակցության առաջարկներ անում, առաջարկում են նաեւ երգել իմ երգերը: Եթե տեսնում եմ, որ երգիչները շնորհալի են, երբեք չեմ մերժում: Սիրուշոյին վաղուց գիտեմ, հրաշալի երգչուհի է, մեր տեսահոլովակն էլ արդեն բազում դիտումներ ունի: Նույնն էլ Արմենչիկի հետ իմ զուգերգը»:

Երգչի համար ուրախալի է այն փաստը, որ իր երգերը երգում են նաեւ այժմյան երիտասարդությունը.

«Երիտասարդները հիմա շատ են երգում իմ երգերը, բայց դրանք մատուցում են այսօրվա շնչով, ինչն ինձ դուր է գալիս»:

Հարութ Փամուկչյանի հետ խոսեցինք նաեւ հայկական շոու-բիզնեսի մասին.

«Լավ կլիներ, որ մեր երգիչները չփորձեին միմյանց կրկնօրինակել: Չեմ ցանկանում անուններ նշել, բայց կան երգիչներ, որոնց իրարից չես տարբերում: Պետք է սովորել կերտել սեփական ուղին»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE