3 ընկեր, թմրանյութեր եւ «տաղանդավոր» կենդանիներ. Երեւանում կայացավ «3+2 կգ» կատակերգության պրեմիերան (ֆոտոռեպորտաժ)

13:01   16 սեպտեմբերի, 2016

«3+2 կգ»` այսպես է կոչվում ռեժիսոր Կորյուն Մայիլի քրեական կատակերգությունը, որի պրեմիերան կայացավ երեկ` սեպտեմբեի 15-ին, «Մոսկվա» կինոթատրոնում:

Ի դեպ, Կորյունը հանդես է եկել ոչ միայն որպես ռեժիսոր եւ սցենարիստ, նա նաեւ ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին, որը մասնագիտությամբ անասնաբույժ է: Այդ պատճառով էլ նկարահանումների զգալի հատվածն իրականացվել է Երեւանի կենդանաբանական այգում:

Նրա կերպարը ֆիլմում ունի 2 մտերիմ ընկերներ, որոնցից մեկի պատճառով էլ երեքով լուրջ անախորժության մեջ են ընկնում: Ռադիկը սպառնալիքի ներքո նարկոբարոններից մեկին խոստանում է 200 հազար դոլարի թմրանյութ իրացնել: Վերջինս ընկերներին հաշված օրեր է տալիս 2 կգ վաճառելու համար եւ ասում, որ գործը չկատարելու դեպքում կսպանի նրանց: Ընկերները գումարի մի մասը հայթայթում են, սակայն մնացած մասը չեն կարողանում գտնել եւ ստիպված թակարդ են լարում հանցագործների դեմ...

«Կենդանիերի հետ աշխատելը յուրահատուկ փորձ էր, շատ տաղանդավոր դերասաններ էին, օրինակ` ուղտը, գետաձին»,-կատակում է ռեժիսորը` նշելով, որ ֆիլմն ունի նաեւ դաստիարակչական երանգ.


«Ֆիլմի հիմքում կա մեսիջ` ուղղված երիտասարդներին, որպեսզի չխառնվեն այսպիսի քրեածին պատմության մեջ»:

Ի դեպ, պրեմիերային ներկա էր նաեւ սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանը, որը NEWS.am STYLE-ի հետ կիսվեց իր տպավորություններով.

«Գիտեք` ես այնպիսի երկրից եմ գալիս, որտեղ կինոինդուստրիան շատ զարգացած է, սակայն Հայաստանի պայմանների համար ինձ ֆիլմը բավարարեց: Ինձ հատկապես տպավորեց ֆիլմի երաժշտությունը: Այն հավասար էր ամերիկյան ֆիլմերի մակարդակին: Իհարկե, ֆիլմն ուներ թերի կողմեր, բայց ես այն մեկ շնչով դիտեցի: Թմրանյութերի մասին ամերիկյան շատ ֆիլմեր կան, բայց ինձ համար նորություն էր այն, որ այս պատմությունը նեկայացված էր կատակերգության տեսքով»:

«3+2 կգ»-ի աշխատանքները սկսվել են այս տարվա փետրվարից: Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Արման Նավասարդյանը, Սարգիս Գրիգորյանը, Արթուր Պապիկյանը, Մխիթար Ավետիսյանը, Արթուր Հակոբյանը, Արա Սարգսյանը, Աննա Մարտիրոսյանը, Լիլիթ Գալստյանը, Արման Գեւորգյանը, որը նաեւ ֆիլմի տնօրենն է:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE