Մարգարիտա Բարխոյանը՝ նոր տեսահոլովակի եւ Բեն Ավետիսյանի հետ համագործակցության մասին

11:25   17 սեպտեմբերի, 2016

Տեւական ժամանակ է, ինչ Մարգարիտա Բարխոյանը չէր ներկայացրել նոր տեսահոլովակ: Եւ ահա՝ օրերս երգչուհին որոշեց լրացնել այդ բացը՝ երկրպագուների դատին հանձնելով «Հարսի շորով» երգի հիման վրա նկարահանած իր նոր տեսահոլովակը:

Նոր աշխատանքի, Բեն Ավետիսյանի հետ համագործակցության եւ սեփական հարսի շորի մասին զրուցեցինք Մարգարիտայի հետ:

«Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը հենց ես եմ, ռեժիսորը Արեն Բայադյանն է: Տեսահոլովակում որոշեցինք նկարահանել Բեն Ավետիսյանին, քանի որ նա շատ էր համապատասխանում այն կերպարին, որին ցանկանում էինք տեսնել մեր տեսահոլովակում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Մարգարիտան՝ ավելացնելով, որ Բենի հետ շատ հեշտ էր աշխատելը.

«Միմյանց շատ լավ էինք հասկանում եւ բոլոր տեսարանները շատ բնական էին ստացվում: Մի պահ, նույնիսկ, հավատացինք, որ դա մեր հարսանիքի օրն է»:

Անդրադառնալով իր երկարատեւ լռությանը՝ երգչուհին նշեց.

«Երաժշտական դադար երբեք չի եղել, միշտ աշխատել եմ նոր երգերի վրա: Երկու նոր երգեր ունեմ՝ հեղինակային ձայնասկավառակներից, այսուհետ տեսահոլովակներն էլ շատ կլինեն: Արդեն սկսել եմ աշխատել հաջորդ տեսահոլովակիս վրա: Այն կրկին համագործակցություն է Արեն Բայադյանի հետ»:

Հետաքրքիր էր իմանալ՝ արդյո՞ք Մարգարիտան դեռ չի պատրաստվում իրական կյանքում էլ հագնել հարսի զգեստ.

«Ինքս դեռ չեմ պատրաստվում դրան: Առաջիկայում շատ ինտենսիվ աշխատելում եմ կարիերայիս շուրջ, բայց շատ եմ ուզում, որ երգիցս ոգեւորված շատերը կազմեն ընտանիք, իսկ երգս ուղեկից լինի այդ կարեւորագույն օրվան»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE