Hayk Avanesyan նորաձեւության տունը երեք տարվա լռությունից հետո Կիեւում կներկայացնի իր նոր հավաքածուն

13:13   19 սեպտեմբերի, 2016

Hayk Avanesyan Նորաձեւության տունը Կիեւում կներկայացնի իր նոր հավաքածուն երեք տարվա լռություից հետո: Այս մասին NEWS.am STYLE–ի հետ զրույցում նշել է հենց ինքը հանրահայտ դիզայները, հավելելով.

«Դոնեցկում կատարված իրադարձությունների ու իմ անձնական տրամադրության կապակցությամբ որեւէ տոնի կամ միջոցառման ցանկություն չունեի: Ավելի քան մեկ տարի ես առհասարակ չեմ աշխատել, հետո սկսել եմ հաճախորդների հետ աշխատել ատելիեում ՝ պարբերաբար անելով ֆոտոշարքեր, ներկայացնելով իմ աշխատանքները»:

Սակայն արդեն սեպտեմբերի 29-ին Կիեւում «Շոկոլադե տնակ» թանգարանի ցուցասրահներում կկայանա Hayk Avanesyan Նորաձեւության տան գարուն-ամառ նոր հավաքածուի ցուցադրությունը: Նաեւ զգեստների էսքիզների ու լուսանկարների շնորհանդեսը, որոնք ցույց են տալիս հագուստ ստեղծելու գործընթացը:

Աշխատանքների ցուցահանդեսը թանգարանում յոթ օր է տեւելու:

«Շոկոլադե տնակ» թանգարանը առանձնատուն է, որը կառուցվել է 1880- ականներին վենետիկյան վերածննդի ոճով: Թանգարանում կախարդական էներգետիկա է ու շատ գեղեցիկ ինտերյեր: Ինձ համար մեծ պատիվ է այնտեղ ցուցադրություն ու ցուցահանդես կազմակերպելը»,- նշում է դիզայները:

Ցուցահանդեսի նախօրեին համացանցում հայտնվել է գալիք միջոցառմանը նվիրված թրեյլեր:

«Պատրաստվում էի հավաքածուի փրեվյու անել, բայց ինչ- որ յուրահատուկ բան էի ուզում, դրա համար էլ որոշեցի նկարահանել թրեյլեր, որը տեղեկացնում է ցուցադրության մասին: Պրոֆեսիոնալների թիմ հավաքեցի ու անցա աշխատանքի: Վիդեոգրաֆ Անտոն Պոշիդաեւը ամբողջովին փոխանցեց իմ տրամադրությունը:Տեսահոլովակում նկարահանվել են պրոֆեսիոնալ մոդելներ, ի դեպ նրանցից մեկը երկրորդ տեղն է զբաղեցրել «Ուկրաինա 2016» գեղեցկության մրցույթում»,- հավելեց Հայկ Ավանեսյանը:

Այս անգամ օգտագործվել են երկրաչափական պատկերներ, գույներ ու փետուրներ, բայց բոլոր այդ տարրերը ոչ թե փրինթների, այլ լրացումների ձեւով էին արված: Ձեռքով պատրաստված զանազան ծաղիկները՝ զարդարված ուլունքներով, Swarovski քարերով, ջայլամի, սագի ու կարապի հազարավոր փետուրները զարդարել են հավաքածուի զգեստները:

A video posted by Hayk Avanesyan (@hayk_avanesyan) on



© NEWS.am STYLE