Անջելինա Ջոլին դիմել է ապահարզանի. Հոլիվուդի ամենահայտնի զույգը բաժանվում է

21:55   20 սեպտեմբերի, 2016

Այո, սա ավելի ցնցող լուր է, քան ասենք, եթե առավոտյան աշխատանքից ազատեին միանգամից չորս նախարարի: Այսպիսով, արեւմտյան լրատվամիջոցներն առավոտից «խոսում են» Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի ամուսնալուծության մասին: Սակայն այդ խոսակցություններն այլեւս ոչ մեկին չէին զարմացնում, քանի որ արդեն երկու տարի է, ինչ մի փոքր պարապ մնացած ցանկացած լրատվամիջոց որոշում է բաժանել եւ միացնել սիրված զույգին:

Այս ամենն ավելի լուրջ բնույթ կրեց, երբ շատ հայտնի պարբերականներ՝ անվանակոչելով TMZ-ին, սկսեցին հայտնել, որ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթն, իսկապես, ամուսնալուծվում են: Համաձայն լուրերի՝ բաժանման պատճառ հանդիսացել է ոչ թե կողմերից մեկի դավաճանությունը, այլ աստղային զույգի բնավորության գծերի անհամատեղելիությունը: Նշվում է նաեւ, որ Ջոլիին դուր չի գալիս այն, որ Փիթը վերջին շրջանում տարվել է ալկոհոլով, օգտագործում է մարիխունա, իսկ նրա բնավորության մեջ ակնհայտ ագրեսիա է նկատվում, ինչը դերասանուհին անթույլատրելի է համարում երեխաներիր հետ շփման մեջ:

«Ջոլին ու Փիթն, իսկապես, ամուսնալուծվում են»,-հաղորդել է դերասանուհու իրավաբան Ռոբերտ Օֆերը:

«Այս որոշումն ընդւնվել է հանուն ընտանեկան բարօրության: Անջելինան ոչ մի մեկնաբանություն չի տալու այս ամենի մասին եւ խնդրում է բոլորին հարգել իր անձնական կյանքի իրավունքը»,-ասված է պաշտոնական հայտարարության մեջ:

Դերասանուհին ապահարզանի է դիմել երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 19-ին, սակայն փաստաթղթերում այլ ամսաթիվ է նշված՝ սեպտեմբերի 15: Բացի դա՝ դերասանուհին ոչ մի ֆինանսական փոխհատուցում չի պահանջում Փիթից, ինչպես նաեւ չի արգելում նրան տեսակցել երեխաներին:

Հիշեցնենք, որ Ջոլին եւ Փիթը ծանոթացել են 2003 թ-ին՝ «Տեր եւ տիկին Սմիթները» ֆիլմի նկարահանման հրապարակում: Աստղային զույգը միասին ապրել է ավելի քան 10 տարի՝ դաստիարակելով 6 երեխաների, որոնցից երեքը որդեգրած են:

Տեղեկացնենք, որ իր հերթին Բրեդ Փիթը People-ին տված հարցազրույցում նշել է.

«Սա մեզ համար շատ բարդ պահ է: Հիմա մեզ համար ամենակարեւորը մեր երեխաների ապագան է: Մամուլին կխնդրեի այս ծանր շրջանում չանհանգստացնեին նրանց»:



© NEWS.am STYLE