Անկախությունը նման է թռչունի. Արաքս Կետիկյանը՝ անկախության եւ իր երազած Հայաստանի մասին

13:07   21 սեպտեմբերի, 2016

Յուրաքանչյուրս պետք է մեր ներսում լինենք անկախ եւ ազատ: Այս կարծիքին է «Սիրո գերին» եւ «Ուրիշի հոգին» հեռուստասերիաներից հայտնի դերասանուհի Արաքս Կետիկյանը: 24-ամյա Արաքսը ծնվել է արդեն անկախ Հայաստանում.

«Հպարտ եմ, որ 24 տարի ապրում եմ պաշտպանված երկրի ներսում»,-ասում է դերասանուհին, որն ամենից շատ հպարտանում է սահմանին կանգնած զինվորներով.

«Խոսքեր չեմ գտնում նրանց սխրագործությունները ներկայացնելու համար: Առանց նրանց չկա անկախ Հայաստան: Նրանք են մեր ազգի հզոր եւ ամուր դարպասները»:

Արաքսի կարծիքով՝ անկախությունը նման է թռչունի.

«Մանկուց այդպես եմ պատկերացրել այդ հասկացությունը: Պետք է յուրաքանչյուրս մեր ներսում լինենք անկախ եւ այդ շունչը տարածենք մեր շուրջը, որպեսզի թշնամին տեսնի, թե ինչ միասնական եւ անպարտելի ազգ ենք: Հայաստանս շատ եմ սիրում: Ցավում եմ,  երբ տեսնում եմ այնպիսի բաներ, որոնք չէի ցանկանա տեսնել մեր երկրում: Այդ առումով անկախության լիարժեքությունը ժամանմակ առ ժամանակ կորչում է…Շատ բաներից հիասթափվում եւ ինքդ քեզ հարց ես տալիս՝ «Սա՞ է, արդյոք, անկախ երկիրը»»:

Դերասանուհին նշում է.

«Ես լավատես մարդ եմ եւ միայն լավատեսորեն եմ տրամադրված: Շնորհավորում եմ բոլորիս՝ մեր երկրի անկախության 25-ամյակի առթիվ: Հավատում եմ այն օրվան, որ ամբողջ հայերով զգալու ենք, թե ինչ բան է անկախությունը մեր երկրի ներսում: Ինչպես ասում են՝ երջանկության գաղտնիքը անկախության մեջ է, իսկ անկախության գաղտնիքը` խիզախության»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE