Հայտնի նկարիչ-իլյուստրատոր Լիլիթ Սարկիսյանը` հայ դիզայներների, հայ երիտասարդների ոճի, Ջամալայի եւ իր առաջիկա նախագծերի մասին

14:10   24 սեպտեմբերի, 2016

Անկեղծ ժպիտ, վարակիչ ծիծաղ եւ տարբերվող արտաքին` այսպիսին է Ուկրաինայում բնակվող հայ նկարիչ –իլյուստարատոր Լիլիթ Սարկիսյանը, որն այս օրերին Հայաստանում է:

Մի գեղեցիկ ու պայծառ օր հանդիպեցինք Լիլիթին ու զրուցեցինք մեզ հետաքրքրող տարբեր թեմաներից` նկարազարդումների արվեստից, ուկրաինական եւ հայկական նորաձեւությունից, Ջամալայից, հայ երիտասարդների հագնվելաոճից, մի խոսով` դեսից-դենից:

«Հայաստան միշտ գալիս եմ հանգստանալու նպատակով, բայց ստացվում է այնպես, որ հանգիստս համատեղում եմ աշխատանքի հետ, քանի որ միշտ շատ պատվերներ ու առաջարկներ եմ ստանում»,-ասում է Լիլիթը, որի «Խառնածինները» նախագիծը մեծ ճանաչում եւ հաջողություն ունեցավ Ուկրաինայում:

«Հույս ունեմ, որ այդ նախագիծը կիրականացնեմ նաեւ Հայաստանում: Արդեն որոշ մարդկանց լուսանկարել ենք»:

Լիլիթը ոգեւորությաբ է հիշում, թե ինչպես հայկական արմատներ ունեցող ուկրաինացի երգչուհի Ջամալան ցանկություն հայտնեց մասնակցել իր նախագծին եւ առաջին անգամ հենց դրա շրջաակներում խոսեց իր արմատների մասին.

«Ինչ վերաբերում է նրա եվրատեսիլյան ելույթին` չեմ կարող օբյեկտիվ կարծիք հայտնել, քանի որ ես գիտեմ այդ երգի ստեղծման ներքին խոհանոցը, գիտեմ, թե ինչպես էր նա պատրաստվում մրցույթին, բացի այդ` մի քանի ամիս շարունակ լսել եմ այդ երգը եւ արդեն անգիր գիտեի բառերը, գիտեի դրա ստեղծման պատճառները եւ ինչ-որ տեղ կիսել եմ նրա ապրումները»:

Խոսելով այլ իլյուստրատորների մասին` Լիլիթը նշում է.

«Շատերին չեմ ճանաչում: Միգուցե, պատասխանս տարօրինակ հնչի, քանի որ ես այս ոլորտում եմ եւ ենթադրվում է, որ պետք է բոլորի աշխատանքներին ծանոթ լինեմ, սակայն աշխատում եմ այդպես չանել, որպեսզի ոչ մեկից ոչինչ չվերցնեմ եւ ստեղծեմ իմը»:

Նկարիչ-իլյուստրատորը ուրախանում է թե ուկրաինացի, թե հայ դիզայներների հաջողություններով: Հայկական նորաձեւության ոլորտից նա, հատկապես, առանձնացրեց Գեւորգ Շադոյանին եւ Վահան Խաչատրյանին:

«Հայ դիզայներներից ծանոթ եմ մի քանիսին, քանի որ նրանց հետ հարցազրույցներ ենք ներկայացրել իմ` The Nor Dar ամսագրում: Գեւորգ Շադոյանի հետ ծանոթացել եմ Կիեւում: Ինձ դուր է գալիս այն, որ նա հրաշալի կերպով միքսում է հայկական մշակույթն ու ժամանակակից արվեստը: Քիչ դիզայներներ կան, որոնք նաեւ նկարում են: Իսկ դա շատ կարեւոր է: Վահան Խաչատրյանի հետ անձամբ ծանոթ չեմ, սակայն նրա գործունեությանը հետեւում եմ, նա մի քանի անգամ եղել է Կիեւում, մասնակցել է ցուցադրությունների եւ կրկին ինձ հիացրել է իր  հետաքրքիր համադրություններով»:

Լիլիթի հետ զրուցեցինք նաեւ հայ երիտասարդների ոճի մասին.

«Նկատել եմ, որ արտերկրից եկած հայերն ավելի հասարակ ու պարզ են հագնվում: Օրինակ` տեսեք, ես, գրեթե, շպարված չեմ… կարծում եմ` գեղեցկությունը հասարակ լինելու մեջ է»:

Լիլիթի հետ մեր զրույցի մանրամասները` տեսանյութում:

Սյունե Առաքելյանը

Տեսանյութը` Խորեն Գրիգորյանի

Շնորհակալություն Dargett Brewery-ին` նկարահանումներին աջակցելու համար



© NEWS.am STYLE