Ուկրաինացի հայտնի հեռուստահաղորդավարուհու մորը մետրոյում կողոպտել են

16:16   28 սեպտեմբերի, 2016

Ուկրաինացի հայտնի հեռուստահաղորդավարուհի Օլգա Ֆրեյմուտի մորը կողոպտել են մետրոյում: Այդ մասին իր Instagram-ում գրել է ինքը՝ 34-ամյա Օլգան:

Հեռուստահաղորդավարուհին ասել է, որ մայրը որոշել է օգտվել հասարակական տրանսպորտից, որպեսզի խցանման մեջ չկանգնի, եւ մետրո է նստել, սակայն անախորժ իրավիճակի մեջ է հայտնվել:

«Այսօր մայրիկս խուսափել է մայրաքաղաքային խցանումներից. Մետրոյով է երթեւեկել: Լավ հագնված, գեղեցիկ սանրվածքով, նոր օրվա հանդեպ դյուրահավատ ժպիտով… Նա ընդհանրապես առավոտները սիրում է… Եվ այսպես անպատեհ նրա օրվա սիրած ժամը փչացրել են. որոշել ու կողոպտել են: Մայրիկի ուսապայուսակի մեջ գտնվող Լունտիկ շնիկն իր բարությամբ այնքան նման է իր տիրուհուն՝ նույիսկ չի կծել գողի ձեռքը:

Մայրիկս հնաոճ է. դրամապանակի մեջ է պահում մեր բոլորի լուսանկարները՝ երեխաների, թոռների… Թող գողացված փողը գողին մնա, բայց լուսանկարները եւ փաստաթղթերը (անձնագիրը եւ վարորդական իրավունքը) ցանկալի կլիներ վերադարձներ: Շատ եմ խնդրում դրամապանակի նոր տիրոջը՝ այն պարգեւագումարի դիմաց վերադարձնել… Որպեսզի մայրս չկորցնի առավոտների հանդեպ իր սերը, իսկ մեր շնիկն իրեն չկեղեքի մասնագիտական անպիտանիության համար»,- գրել է Օլգան:



© NEWS.am STYLE