Կարծում եմ՝ ոչ մեկի համար էլ նորություն չէ, որ նա է մեր հեռուստաեթերի ամենագրագետ եւ բանիմաց հաղորդավարը. Անդրեն՝ Ավետ Բարսեղյանի մասին

17:03   28 սեպտեմբերի, 2016

NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ հաղորդավար եւ բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:

Իր ընկերոջ ուրախությունը սրտանց կիսում է ՀՀ վաստակավոր արտիստ Անդրեն, որը NEWS.am STYLE-ի հետ կիսվեց Ավետին ուղղված իր սրտի խոսքով.

«Ավետի՝ վաստակովորի կոչմանը ես վաղուց էի սպասում: Կարծում եմ՝ ոչ մեկի համար էլ նորություն չէ, որ նա է մեր հեռուստաեթերի ամենագրագետ եւ բանիմաց հաղորդավարը, ով իր կիրթ խոսքով եւ գաղափարներով, իսկապես, մեծ ներդրում է ունեցել հայկական հեռուստաեթերի զարգացման մեջ: Չեմ կարող չխոսել նաեւ նրա հեղինակած երգերի մասին, որոնց խոսքերը տարբերվում են հայկական երգարվեստում: Ուրախ եմ, որ այդ գեղեցիկ երգերից շատերը հենց ես եմ կատարում՝ «Իմ սերը քեզ», «Երջանկության գաղտնիք», «Սեր ես ու մի կյանք», «Սիրո պայքար», «Մայրերգ»... բոլորը չեմ հասցնի թվարկել: Քաղաքի, գրեթե, բոլոր կարեւորագույն տոների կարգախոսները հենց Ավետի ստեղծագործության տողերն են՝ «Իմ սրտի մայրաքաղաք», «Երեւանը մենք ենք»… նա շատ կարեւոր երգեր է հեղինակել՝ «Կարմիր, կապույտ, ծիրանագույն», «Մենք ենք մեր սարերը», «Ապրելու ապրիլ»…

Ավետին նոր եռանդ ու հաջողություններ եմ մաղթում՝ ստեղծոգործելու եւ մեր եթերն ու երգարվեստը հարստացնելու համար: Շնորհավորում եմ իմ լավագույն ընկերոջն ու հպարտանում նրա յուրաքանչյուր հաջողությամբ»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE