Ի՞նչ արդյունքով եւ ինչպիսի՞ տպավորություններով է հայ մոդել Ինգա Սահակյանը վերադարձել «Miss All Nations» գեղեցկության մրցույթից

14:05   30 սեպտեմբերի, 2016

NEWS.am STYLE-ը շարունակում է ձեր ուշադրությանը ներկայացնել հայ մոդելների հաջողությունները՝ միջազգային հարթակներում:

Մոդել Ինգա Սահակյանին մեր ընթերցողները կհիշեն Հայկո Հովհաննիսյանի հետ իրականացրած մեր ֆոտոշարքից, որտեղ Ինգան հանդես էր եկել սերիալային սիրված դերասանին «տանջող» հերոսուհու կերպարում: Իսկ օրեր առաջ գեղեցկուհին Չինաստանում էր, որտեղ ներկայացնում էր Հայաստանը «Miss All Nations» գեղեցկության մրցույթում:

Մրցույթի մանրամաների եւ իր տպավորությունների մասին Ինգան առաջինը պատմեց NEWS.am STYLE-ին:

«Մրցույթը տեւեց 20 օր: Դրան մասնակցում էին 47 երկրներից ժամանած աղջիկներ: Մրցույթի եզրափակիչ փուլը կայացավ սեպտեմբերի 26-ին: Այդ օրը մենք ներկայացրեցինք մեր երկրների ազգային զգեստները, երեկոյան զգեստներ, ներկայացանք նաեւ լողազգեստով եւ ցուցադրեցինք սպորտային պարերի հմտություններ: Հաղթող ճանաչվեց Լատվիան ներկայացնող գեղեցկուհին»:

Հայ գեղեցկուհին, սակայն, եւս մրցույթից ձեռնունայն չի վերադարձել.

«Արժանացա համակրանքի եւ այնտեղ աշխատելու շատ առաջարկներ ստացա: Նաեւ առաջարկեցին մասնակցելու նոր միջազգային մրցույթի, որի մասին հետագայում կխոսեմ»:

Մոդելը մեզ հետ կիսվեց նաեւ իր հարուստ տպավորություններով.

«Ամեն ինչ շատ հետաքրքիր էր կազմակերպված: Տպավորություններս շատ-շատ դրական են: Մենք, գրեթե, ամեն օր մեր ազգային հագուստներն էինք ներկայացնում տարբեր միջոցառումների ժամանակ: Ինձ համար մեծ պատիվ էր տարազ կրելը»,-նշեց Ինգան:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE