«Արամ, Արամ» ֆիլմի գլխավոր դերակատար Լեւոն Շարաֆյանը՝ Գլենդելի կինոփառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում

19:29   30 սեպտեմբերի, 2016

Ինչպես ասվում է հայտնի ասացվածքում` «Հնարավորությունը թակում է դուռդ, բայց երբեմն այն նախընտրում է զանգահարել քեզ»:

Այսպես՝ երկու տարի առաջ հայտնի հայ դերասան Լեւոն Շարաֆյանը Կալիֆորնիայում հանգստանալիս  մի անսովոր զանգ ստացավ: Դա մի ամերիկացի ռեժիսորի կողմից էր, որը դերասանին վաղուց էր փնտրում եւ շտապ ցանկանում էր հանդիպել նրա հետ:

Այդ ռեժիսորի անունը Քրիստոֆեր Չամբերս էր, որը նկարահանում էր իր առաջին ֆիլմը՝ «Արամ, Արամ»-ը: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են փոքրիկ Հայաստանի շուրջ:

Տեսնելով Շարաֆյանի մասնակցությամբ մի քանի հեռուստասերիալ՝ ռեժիսորը ցանկացավ հենց նրան նկարահանել իր ֆիլմի գլխավոր հերոսի դերում: Եւ ահա, անկախ այն փաստից, որ ֆիլմը բավականին ցածր բյուջե ուներ, իսկ ռեժիսորն, առհասարակ, հայերեն չէր էլ խոսում, Շարաֆյանը համաձայնվեց նկարահանվել կինոնկարում:

Դերասանի այս որոշումը զարմացրել է, նույնիսկ, իրեն՝ ռեժիսորին.

«Պարոն Շարաֆյանը շատ սիրված դերասան է Հայաստանում, որը հայտնի է իր թատրոնի եւ էկրանային դերերով: Նա մեծ ռիսկի դիմեց նկարահանվելով մի անհայտ ռեժիսորի ֆիլմում»,-նշել է նա:

«Արամ, Արամ» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Լոս Անջելեսի կինոփառատոնի ժամանակ: Ֆիմում բոլորին տպավորել է հատկապես Լեւոն Շարաֆյանի եւ նրա կրտսեր խաղընկերոջ՝ 12-ամյա Ջոն Սեւակ Ռուհինյանի խաղը:

Ֆիլմն արդեն ցուցադրվել է Մոնտրեալի, Երեւանի, Սիդնեյի եւ այլ քաղաքների կինոփառատոնների ընթացքում: Հոկտեմբերի 1-ին այն կցուցադրվի նաեւ Գլենդելի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ «Արամ, Արամ»-ը ներկայացված է միանգամից  6 նոմինացիաներում՝ ներառյալ «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն դերասան» (որին  ներկայացված է Լեւոն Շարաֆյանը) անվանակարգերը:  

Խոսելով Գլենդելի միջազգային կինոփառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգում նոմինացված լինելու մասին՝ Շարաֆյանը նշել է.

«Ցանկանում եմ Գլենդելում բնակվող իմ բոլոր երկրպագուներին հրավիրել՝ ֆիլմը դիտելու: Ուզում եմ, որ հանդիսատեսն ինքը տա իր գնահատականը: Ինձ համար դա ամենից  կարեւորն է»:

Աղբյուրը՝ Asbarez.com



© NEWS.am STYLE