Քայլի Ջեններն իր ապրանքանիշի նոր շրթներկի վաճառքից ստացված ամբողջ հասույթը բարեգործական նպատակներով է տրամադրելու

18:22   1 հոկտեմբերի, 2016

Քայլի Ջեններն իր ապրանքանիշի նոր շրթներկի վաճառքից ստացված ամբողջ հասույթը բարեգործական նպատակներով է տրամադրելու։

Այս շաբաթը բարդ էր Քիմ Քարդաշյանի 19-ամյա քրոջ համար, չէ՞ որ նրա եղբայրը՝ Ռոբը, բարկանալով նրա վրա, իր «Թվիթերում» հրապարակել էր Քայլիի հեռախոսահամարը՝ ի լուր ամբողջ աշխարհի։ Բայց Քայլին դրան ուշադրություն չի դարձրել, հակառակը՝ երկրպագուներին ուրախացրել է իր ապրանքանիշի նոր շրթներկով։

Ինչպես գիտեք՝ Քայլին կոսմետիկայի ապրանքանիշ ունի, որը նրան միլիոնավոր դոլարների եկամուտ է բերում։ Իր Snapchat –ում Քայլին ներկայացրել է նոր շրթներկը ու տեղեկացրել բաժանորդներին, որ մտադիր է վաճառքից ստացված ամբողջ գումարը բարեգործական նպատակներով տրամադրել այն երեխաներին, որոնք քիմքի ճեղքվածքով են տառապում։

Այս ակցիան Քայլին ձեռնարկել է Ժպիտի համաշխարհային օրվա կապակցությամբ, որն այսօր են տոնում։

Այս տոնի գոյության համար Երկիր մոլորակը պարտական է ամերիկացի նկարիչ Հարվի Բելլին, ով ի դեպ սմայլիկ ստեղծողն է։



© NEWS.am STYLE