Երբեք չեմ կորցնի իմ անհատականությունը. Մարթա Կիրակոսյանը՝ «Դեպի եվրատեսիլին» իր մասնակցության եւ ակնկալիքների մասին

15:05   10 հոկտեմբերի, 2016

«Մի քայլ դիր առաջ, հետո՝ ձախ ու աջ»՝ ժամանակին Մարթա Կիրակոսյանի այս ռիթմերին հետեւում էին մի շարք երաժշտասերներ, բայց տեւական ժամանակ է՝ երիտասարդ երգչուհին լռում էր: Մարթայի վերադարձը, սակայն, կրկին եղավ բավականին հիշվող:

Երգչուհին այս շրջանում մասնակցում է «Դեպի եվրատեսիլ» նախագծին: Նա արդեն հաղթահարել է առաջին փուլը՝ ստանալով ժյուրիի բոլոր 6 անդամների «այո»-ն:

Մարթայի հետ խոսեցինք «Դեպի եվրատեսիլ» նախագծի եւ իր ակնկալիքների մասին:

-Մարթա, երկար ժամանակ է՝ քեզանից երաժշտական նորություններ չէինք լսել: Ինչո՞վ էիր զբաղված այդ ընթացքում:

-Արդեն երկար ժամանակ է, ինչ դասավանդում եմ Երգի պետական թատրոնում: Եթե անգամ ակտիվ չեմ ասպարեզում, միեւնույն է, զբաղվում եմ իմ սիրած աշխատանքով եւ աշխատանքիս բնույթից ելնելով՝ միշտ երգում եմ:

-Ինչպե՞ս առաջացավ ցանկությունը մասնակցելու «Դեպի եվրատեսիլ» նախագծին:

-Երբեք չեմ մտածել, որ կգա մի օր ու կմասնակցեմ «Եվրատեսիլ» մրցույթին, քանի որ բազմիցս նշել եմ՝ մրցույթներ չեմ սիրում: Չեմ սիրում այդ լարված, սպասողական զգացողությունները եւ ինձ այդքան էլ մրցութային երգչուհի չեմ համարում, քանի որ ես միշտ երգել եմ իմ հաճույքի համար, իսկ մրցույթներում պետք է փորձես գերազանցել ինչ-որ մեկին: Չնայած այդ ամենին՝ ընկերներիս դրդմամբ մասնակցեցի «Դեպի եվրատեսիլին»: Փորձեցի հաճույք ստանալ իմ ելույթից եւ ճիշտ օգտագործել կենդանի երգելու եւ կրկին բեմի վրա աշխատելու հնարավորությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկերներիս, որոնց ջանքերով մասնակցեցի այս մրցույթին: Նրանք հիմա էլ կողքիս են եւ ոգեւորում ու օգնում են, որ հաղթահարեմ հետագա փուլերը:

-Հե՞շտ հաղթահարեցիր առաջին փուլը:

-Ինձ մոտ բեմ բարձրանալուց առաջ միշտ էլ լինում է հուզմունք եւ դա կլինի այնքան ժամանակ, որքան երգում եմ: Այդպես երգում եմ առաջին տունը, իսկ հետո արդեն մոռանում եմ, որ բեմի վրա եմ եւ սկսում եմ ինքնամոռաց երգել (ծիծաղում է):

-Երկրորդ փուլում կերպարային փոփոխություն լինելո՞ւ է:

-Կերպարային փոփոխություններ, անխոս, կլինեն, բայց երբեք չեմ կորցնի իմ անհատականությունը, չեմ անի բաներ, որոնք ինձ հետ կապ չունեն, չեն սազում եւ խորթ են ինձ:

-Պատկերացնո՞ւմ ես քեզ «Եվրատեսիլի» բեմում: Ի՞նչ է դա քեզ համար:

-Անկեղծ ասած՝ երբեք չեմ երազել այս մրցույթի մասին ու հիմա էլ չեմ մտածում, որ հենց ես պետք է գնամ այնտեղ: Դեռ փորձում եմ մաքսիմալ կերպով արդարացնել ինձ եւ լավ որակով կատարումներ ներկայացնել: Երբ անցնեմ բոլոր փուլերն ու որոշվի, որ ես պետք է ներկայացնեմ Հայաստանը, այդ ժամանակ արդեն կմտածեմ մեր երկիրը պատվով ներկայացնելու մասին: Այդ դեպքում արդեն չեմ կարող լինել եսասեր ու մտածել միայն իմ մասին. արդեն պետք է մտածել ամբողջ ազգի մասին:)

-Ժյուրիի ո՞ր անդամի խորհուրդին ես, հատկապես, սպասում:

-Չեմ կարող առանձնացնել: Բոլորին էլ հարգում եմ եւ բոլորի կարծիքներն էլ սիրով կլսեմ:

-Այս ընթացքում երաժշտական այլ նորություններով ներկայանալո՞ւ ես:

-Ունեմ մի տեսահոլովակ՝ զուգերգի տեսքով: Կան նաեւ երգերի cover տարբերակներ, որոնք ընթացքում կներկայացնեմ:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մարթայի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE