Դարի գործարքը. Հայտնի երգիծաբան Քրիս Ռոքը 40 մլն դոլար կստանա երկու ելույթի համար

12:05   14 հոկտեմբերի, 2016

Հռչակավոր երգիծաբան Քրիս Ռոքը երկու ելույթի դիմաց կստանա 40 մլն դոլար: 51-ամյա դերասանն ու ռեժիսորը մեծ խաղագումար է շահել՝ պայմանագիր կնքելով Netflix ընկերության հետ: Ինչպես հայտնում է The Hollywood Reporter,-ը, երգիծաբանից պահանջվում է ընդամենը... երկու անգամ հանդես գալ մեծ հեռուստահաղորդումների ընթացքում: Սա ամերիկյան բեմի սթենդափերի պատմության մեջ ռեկորդային գումար է:

Մեկ այլ նրբերանգ է այն, որ Քրիսը մշտապես աշխատել է HBO ալիքի հետ, սակայն Netflix-ը գտել է անվանակիր աստղին իր թիմի մեջ ընդգրկելու եղանակը:

«Netflix ընկերությունը որոշել է իր ազդեցությունը մեծացնել սթենդափ քոմեդիի բեմահարթակներում: Մենք նախատեսում ենք ավելացնել զանազան շոուների քանակը, եւ Քրիս Ռոքը հենց այն մարդն է, որն իր տաղանդով կօգնի մեզ նոր բարձունքների հասնելու»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Թեդ Սարանդոսը:

Քրիսի մասնակցությամբ առաջին շոուն եթեր դուրս կգա 2017-ի սկզբին:



© NEWS.am STYLE