Ջազային հնչյուններ մայրաքաղաքում․Երեւանում շարունակվում է ջազի փառատոնը

22:57   14 հոկտեմբերի, 2016

«Քաղաքը ջազ է լսում»` այս կարգախոսն առավել, քան արդիական է այս օրերին:

Երեւանում երեկ` հոկտեմբերի 13-ին, «Գրեմմիի» եռակի մրցանակակիր Դի Դի Բրիջուոթերի թեժ համերգով մեկնարկեց ջազի փառատոնը` Yerevan Jazz Fest-ը: Փառատոնն այսօր շարունակվեց Շառլ Ազնավուրի հրապարակում, որտեղ կայացած  բացօթյա համերգի ընթացքում ջազ երաժշտության սիրահարների համար ելույթ ունեցան Երվանդ Երզնկյանն ու Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության նվագախումբը, Արամ Վարդանին, «Իմեջին բենդը», Աստղիկ Մարտիրոսյանը, Մարինե Հակոբյանը, «Արատտա» բենդը եւ այլք։

Խոսելով Երեւանում  ջազ երաժշտության պահանջարկի եւ զարգացման մասին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր եւ դիրիժոր Երվանդ Երզնկյանը նշեց․

«Բոլոր ոլորտներում էլ զարգացումը կախված է հանդիպումներից, համերգներից, փառատոններից եւ նման կարգի միջոցառումներից։ Այն հանգամանքը, որ մենք տարին մեկ անգամ անցկացնում ենք ջազի օր եւ մեկ անգամ էլ՝ ջազի փառատոն, ստիպում է ջազ բենդերին զգաստանալ եւ ամեն անգամ հանդես գալ նորություններով, ինչը եւս նպաստում է ջազի զարգացմանը»։

Պարոն Երզնկյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց նաեւ, որ հայ հանդիսատեսն էլ տարեց տարի առավել մեծ հետաքրքրություն է ցուցաբերում դեպի երաժշտական այս ժանրը։

«Մեր հանդիսատեսը յուրահատուկ է, դրա շնորհիվ էլ ջազը շատ ճիշտ է ընկալում։ Կարծում եմ՝ մենք ունենք եւ հանդիսատես, եւ երաժիշտներ, եւ ջազային դպրոց, ինչը շատ կարեւոր է»։

Yerevan Jazz Fest-ն այս տարի մեկնարկել է հոկտեմբերի 13-ին։ Փառատոնի փակումը կկայանա հոկտեմբերի 16-ին։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE