«Սարդ-մարդ» Թոբի Մագուայերը եւ Ջենիֆեր Մեյերը բաժանվել են

11:05   19 հոկտեմբերի, 2016

Այս տարին հարուստ է ամուսնալուծություններով. կարծես թրենդ է դարձել: Դեփ եւ Հերդ, Ջոլի եւ Փիթ, Լոպես եւ Կասպեր Սմարթ, իսկ հիմա էլ 41-ամյա Թոբի Մագուայերն է 9 տարվա ամուսնությունից հետո բաժանվում կնոջից՝ Ջենիֆեր Մեյերից:

Ըստ Just Jared-ի՝ առայժմ հայտնի չէ, արդյո՞ք ամուսիններն ապահարզանի փաստաթղթեր են պատրաստել, թե՞ բաժանվելու մասին որոշումը դեռեւս իրավաբանական փուլի չի հասել: Բայց զույգն արդեն հասցրել է այդ թեմայով զրուցել լրագրողների հետ:

«Հարցը երկար քննարկելուց հետո որոշեցինք բաժանվել: Մեր գլխավոր առաջնահերթությունը մնում է երեխաներին սիրո եւ հարգանքի մթնոլորտում մեծացնելը»,- հայտնել են ամուսինները:

Նշենք, որ Մագուայերը ոսկյա զարդերի դիզայներ, Universal Studios կինոստուդիայի պրոդյուսեր Ռոն Մեյերի դստեր՝ Ջենիֆերի հետ նշանվել էր 2006 թվականի ապրիլին:

Նրանց հարսանիքը տեղի է ունեցել Հավայան կղզիներում, հարազատների եւ ընկերների ոչ մեծ խմբի մասնակցությամբ: 2007 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Ռուբի Սվիթհարթը, իսկ 2009-ին՝ որդին, որին Օտիս Թոբիաս Մագուայեր են կոչել:



© NEWS.am STYLE