Ինչպե՞ս է երգչուհի Լենա Ղազարյանը նշել ծննդյան 20-ամյակն ու ի՞նչ անակնկալ է մատուցել ինքն իրեն (ֆոտո)

14:15   19 հոկտեմբերի, 2016

X Factor, «Իմ անունն է» եւ «Պրեմիերա» երաժշտական նախագծերից հայտնի երգչուհի Լենա Ղազարյանը, որը վերջին շրջանում հանդես է գալիս նաեւ որպես դիմահարդար, օրերս՝ հոկտեմբերի 17-ին, նշում էր ծննդյան 20-ամյակը:

Խնջույքի մանրամասների եւ անակնկալների մասին Լենան առաջինը պատմեց NEWS.am STYLE-ին: Երգչուհին նաեւ մեզ տրամադրեց իր խորհրդանշական օրվա լուսանկարները.

«Ծննդյանս օրը նշեցի մտերիներիս եւ ընկերներիս հետ: Ամեն ինչ շատ լավ անցավ: Խնջույքս անցավ այնպես, ինչպես ակնկալում էի՝ շատ ուրախ»,-նշեց Լենան, որի ծննդյան խնջույքին ներկա էին նաեւ շոու-բիզնեսի ընկերներն ու գործընկերները՝ Նարե Գեւորգյանը, Եվա Եգանյանը, Օվսաննա Մինասյանը եւ այլք:

Ինչպես բոլոր հոբելյարները՝ Լենան եւս բազում շնրհավորանքներ եւ նվերներ է ստացել, սակայն այս տարվա ամենամեծ անակնկալը երգչուհին ինքն է իրեն մատուցել:

«Անխոս, անակնկալները շատ էին, բայց այս տարի ինձ համար շատ խորհրդանշական էր հենց այն նվերը, որը ինքս ինձ արեցի: Գնեցի ավտոմեքենա՝ Nissan Tiida: Ամեն ինչ դեղինի եւ ոսկեգույնի մեջ էի կազմակերպել: Ավտոմեքենաս էլ է այդ գույների մեջ»:

Երգչուհին ամեն տարի տորթի մոմերը փչելիս երազանք է պահում: Այս տարին եւս բացառություն չեղավ.

«Երազանք եմ պահել, որ միշտ այսպես երջանիկ լինեմ»,-նշեց Լենան:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է երգչուհուն՝ մաղթելով, որ նրա երազանքն իրականություն դառնա :)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE