NEWS.am STYLE Exclusive. Անդրեն վերադարձել է. ի՞նչն է երգչին բերել Հայաստան

13:04   20 հոկտեմբերի, 2016

Բավականին երկար ժամանակ էր, ինչ հայտնի ու սիրված երգիչ Անդրեն Լոս Անջելեսում էր, որտեղ զբաղված էր իր հեղինակային՝ Andrenaline նախագծի աշխատանքներով: Օրերս Անդրեն վերադարձել է Հայաստան: Այստեղ երգիչը կրկին լինելու է X Factor նախագծի ժյուրիի աթոռին եւ ժյուրիի մյուս անդամների՝ Էրիկի, Գարիկ Պապոյանի եւ Շուշանիկ Արեւշատյանի հետ միասին  փորձելու է գտնել նախագծի 4-րդ եթերաշրջանի հաղթողին:

Երկու նախագծերի համատեղելիության, Հայաստան վերադառնալու եւ այլ թեմաների շուրջ NEWS.am STYLE-ը հետաքրքիր զրույց է ունեցել Անդրեի հետ, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: 

-Անդրե, վերադարձել ես Հայաստան՝ որպես X Factor-ի ժյուրիի անդամ: Փաստորեն, արդեն ավարտվե՞լ են Andrenaline-ի նկարահանման աշխատանքները: 

-Andrenaline-ի ավարտին մի քանի էպիզոդ է մնացել, բայց ստանալով X Factor-ում եւս մեկ եթերաշրջան ժյուրիի կազմում լինելու առաջարկ՝ չմերժեցի այն, քանի որ կարոտել էի Հայաստանը, մեր հանդիսատեսին, մեր մասնակիցներին եւ ցանկացա գալ ու եւս մեկ եթերաշրջան վայելել այդ ամենը: Հրաշալի է, երբ օգնում ես մասնակիցներին շտկումներ կատարել, բեմադրություններ ես մտածում նրանց համար... Իսկապես, մեծ հաճույքով եմ օգնում յուրաքանչյուրին, որպեսզի իրականացնեն իրենց երազանքը:

-Եթե համեմատես Andrenaline-ի եւ X Factor-ի մասնակիցներին, տարբերությունները շա՞տ են: 

-Միակ տարբերությունն այն է, որ Andrenaline-ի մասնակիցները Հայաստանում չեն ծնվել, այստեղ չեն ապրել եւ մի փոքր այլ մտածելակերպ ունեն՝ բեմի վրա չեն բարդույթավորվում: Նրանց բնավորության գծերին հեռուստադիտողն էլ կարող է ծանոթանալ, քանի որ Andrenaline-ի ֆորմատը դա թույլ է տալիս: Ինչ վերաբերում է տաղանդին՝ երկու նախագծերում էլ կան տաղանդավոր մասնակիցներ, որոնք պրոֆեսիոնալների հետ աշխատանքի շնորհիվ, վստահ եմ՝ էլ ավելի կկատարելագործվեն իրենց գործում:

-Ամեն դեպքում, հե՞շտ է համատեղել այս երկու խոշոր նախագծերի նկարահանման աշխատանքները: 

-Երբ ամբողջությամբ տրվում ես գործիդ, ոչինչ հեշտ չի լինում, բայց երբ սիրում ես քո աշխատանքը, մոռանում ես դժվարությունների մասին: Andrenaline-ի շրջանակներում մի քանի դրվագ է մնացել նախագիծն ավարտին հասցնելու համար: Մինչ X Factor-ի հաջորդ փուլերին անցնելը, կմեկնեմ այնտեղ՝ նկարահանումներն ավարտելու նպատակով, այնուհետեւ կվերադառնամ եւ կշարունակեմ փնտրել X Factor 4-ին:) 

-X Factor-ի շրջանակներում արդեն հասցրել ես աշխատել թե տղաների, թե աղջիկների խմբերի հետ (Անդրեն  տղաների թիմի հետ միասին դարձավ X Factor 3-ի հաղթող): Այս եթերաշրջանում ո՞ր թիմի հետ կցանկանայիր աշխատել: 

-Ինձ համար առաջնայինը մարդկանց տաղանդն է, ցանկությունն ու մարդկային որակները: Թե որ թիմում կլինեն այդ հատկանիշներով օժտված մասնակիցներ, չգիտեմ, բայց կցանկանայի, որ հենց այդ թիմի հետ աշխատելու հնարավորություն ունենայի:) 

-Արդեն ելույթ ունեցած մասնակիցների մեջ կա՞ն այնպիսիք, որոնց հետ կցանկանայիր համագործակցել:

-Տաղանդավոր մասնակիցներ շատ կան, իսկ նա, ով տաղանդ ունի, բայց չունի մասնագիտական փորձ, կարիք ունի խորհուրների ու շտկումների: Ես պատրաստ եմ օգնել ցանկացած տաղանդավոր մասնակցի եւ իմ փորձի շրջանակներում ճիշտ ուղու վրա նրանց դնել: Այնպես որ՝ ցանկացած տաղանդավոր, ձգտող, լսող եւ ընկալող մասնակցի պատրաստ եմ օգնել իմ խորհուրդներով: 

-Փորձը ցույց է տալիս, որ շատ անգամներ նման նախագծերից հետո հաջողության է հասնում ոչ թե հաղթող մասնակիցը, այլ նա, ով, ամեն դեպքում, ավելի շատ է աշխատում: Համաձա՞յն ես, որ հաղթանակը ոչ միշտ է կարեւոր:

-Այո, փորձն, իսկապես, ցույց է տալիս, որ հիմնականում հենց այդպես էլ լինում է: Կյանքում եւ բեմում հաղթում է նա, ով աշխատասեր է եւ չհանձնվող: Պետք է տարբերվես, որ հեռուստադիտողը քեզ հիշի: 

-Բացի X Factor-ից՝ էլ ի՞նչ ծրագրերով ես հանդես գալու առաջիկայում: 

-Առայժմ զբաղված եմ նախագծի աշխատանքներով, գրեթե, ժամանակ չի մնում այլ գործեր իրականացնելու համար: Ի դեպ, այստեղ հոկտեմբերի 26-ին մասնակցելու եմ իմ շատ սիրելի ու անփոխարինելի ընկեր՝ Վարդուհի Վարդանյանի հիշատակին կազմակերպված համերգին: Իհարկե, նոր երգեր եւ ձայնագրություններ էլ կան, պարզապես, հարմար պահ է պետք դրանք հեռուստադիտողին ներկայացնելու համար:

-Անդրե, երկա՞ր ժամանակով ես վերադարձել:

-X Factor-ը մոտ կես տարի տեւող նախագիծ է, այնպես որ՝ այս ընթացքում դեռ այստեղ կլինեմ: Հետագայի մասին չեմ կարող խոսել, միգուցե, Լոս Անջելեսում Andrenaline նախագծի շարունակությունը ստեղծելու շուրջ մտածեմ, բայց դա արդեն ժամանակը ցույց կտա: Բացի դա՝ շատ շրջագայություններ եմ ունենում թե ԱՄՆ-ում, թե Եվրոպայում: Բայց փորձը ցույց է տալիս, որ Հայաստանը միշտ էլ ձգում է եւ երբ էլ լինի, վերադառնում եմ իմ տուն: 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE