4-ամյա Բելլան տիրապետում է 7 լեզուների՝ ներառյալ չինարեն եւ արաբերեն

11:18   21 հոկտեմբերի, 2016

Ռուսական «Россия» հեռուստաալիքով ցուցադրվող  «Удивительные люди» («Զարմանահրաշ մարդիկ») շոուին հավանաբար մենք չանդրադառնայինք, եթե չլիներ այս փոքրիկ հրաշքը։ Ծրագրի հերթական թողարկմանը մասնակցել է 4-ամյա Բելլա Դեվյատկինան, որը ոչ միայն հիացրել է ժյուրիի անդամներին եւ ռուսաստանցիներին, այլեւ ամբողջ աշխարհին։

Երեխան ունի լեզվաբանական անհավանական ունակություններ. նա խոսում է միանգամից 7 լեզուներով՝ մայրենի ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն, չինարեն եւ արաբերեն։

Փոքրիկ պոլիգլոտի լեզվական հմտությունները զարգացրել է մայրիկը՝ Յուլիան։ Սկզբում նրանք միասին անգլերեն են սովորել։ Երբ մայրը նկատել է, թե որքան արագ է Բելլան յուրացնում այն, դիմել է մասնագետների օգնությանը, որոնք երեխային սովորեցրել են նաեւ մյուս 5 լեզուները։

Չնայած իր հիանալի գիտելիքներին (որոնք չզարգացնելու դեպքում, միգուցե մոռացվեն)՝ փոքրիկ Բելլան երազում է դառնալ ջրահարս, ինչպես դիսնեյյան հերոսուհի Արիելը։ 



© NEWS.am STYLE