Բարբի կենդանի տիկնիկները Մոսկվայի Կարմիր հրապարակում հանրահավաք են անցկացրել

17:25   21 հոկտեմբերի, 2016

Ռուսաստանում, հնարավոր է, արգելեն հանրահայտ Բարբի տիկնիկների վաճառքը, քանի որ «եվրոպական ոճով հագնված Բարբին կարող է համահունչ չլինել բազմադավանանք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»: Օրինակ՝ տիկնիկը միշտ այնպես է հագնված, որը կարող է չհամապատասխանել մուսուլմանական աշխարհի արժեքներին: Սակայն այս նորությունն ամենեւին հաճելի չի եղել երկրպագուհիներին եւ ամենակարեւորը՝ մոդել Կարինա Բարբիին (նա, որը խոստացել էր քնել ցանկացածի հետ, ով կօգնի իր երկրպագուհուն):

Life-ի փոխանցմամբ՝ Կարինան համախոհների բանակ է հավաքել, որպեսզի բողոքի ընդդեմ իր կուռքի վաճառքն արգելող օրենքի:

Տեղեկանալով, որ իր պլաստմասսե սիրեցյալի դեմ պատժամիջոցներ են պատրաստում՝ 27-ամյա դերասանուհին Կարմիր հրապարակում հանրահավաք է կազմակերպել՝ ի աջակցություն իր կուռքի: 10 ընկերուհիների հետ, որոնք վառ վարդագույն հագուստներ էին հագել եւ կեղծամներ դրել, աղջիկը պատրաստվել է վանկարկումներ կատարել ի պաշտպանություն Բարբիի:

«Ռուսաստանում ցանկանում են արգելել Բարբի տիկնիկները, բայց դա ամենաթողություն է: Մանկության տարիներից ի վեր Բարբի տիկնիկները էպատաժի եւ գեղեցկության խորհրդանիշ են: Այժմ նույնիսկ որոշում է ընդունվել այն երեք կերպարով արտադրել՝ բարեկազմ Բարբիներ, ավելի գեր եւ տարբեր ազգությունների: Բարբին միավորում է աշխարհը: Ուռա»,- հայտարարել է նա:

Կենդանի տիկնիկների հանրահավաքը գրավել է ոչ միայն շփոթահար անցորդների ուշադրությունը, որոնք անմիջապես սկսել են լուսանկարել էպատաժային աղջիկներին, այլեւ իշխանական մարմինների: Կազմակերպչի խոսքով՝ ոստիկանները հետաքրքրվել են տեղի ունեցածով, բայց աղջիկներին չեն կալանավորել՝ մտնելով նրանց դրության մեջ: Այդուհանդերձ, նրանց խնդրել են պաստառները հեռացնել:



© NEWS.am STYLE