Բնության մեջ թռչունների երգը պակասել է. The Beautified Project խումբը՝ նոր ալբոմի եւ համերգային ծրագրի մասին

13:31   22 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 24-ին Տիկնիկային թատրոնում կկայանա The Beautified Project ռոք խմբի համերգ-շնորհանդեսը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խմբի անդամները՝ Անդրե Սիմոնյանը, Արմեն եւ Առլեն Շավեդյանները ներկայացրեցին համերգային ծրագրի եւ շնորհանդեսի մանրամասները.

«Մեր 11 տարվա գործունեության ընթացքում թողարկվելու է մեր խմբի 4-րդ ձայնասկավառակը, որը կոչվում է «Pale Nightingale»` գունատ սոխակ։ Գաղափարը գալիս է նրանից, որ բնության մեջ թռչունների երգը պակասել է։ Այն համեմատել ենք որակյալ երգերի հետ, որոնք եւս մեր օրերում պակասել են»,-նշեց Անդրեն՝ հավելելով, որ ձայնասկավառակում տեղ են գտել 8 երգեր, որոնց մեծ մասը հեղինակային ստեղծագործություններ են։ Այնտեղ ներառված է նաեւ խմբի կատարմամբ սիրված «Արագիլ» երգը։

Խմբի անդամ Առլեն Շավերդյանի խոսքով՝ այս ձայնասկավառակն իր ոճով տարբերվելու է իրենց նախորդներից.

«Այստեղ տեղ են գտել, հիմնականում, ակուստիիկ ռիթմերով ստեղծագործություններ»,-նշում է նա։

Արմեն Շավերդյանն էլ ներկայացրեց համերգային ծրագրի մանրամասները.

«Կկատարենք մոտ 15-17 ստեղծագործություն։ Համերգային ծրագրի ժամանակ կհնչեն եւ մեր նախորդ ձայնասկավառակների, եւ նոր ձայնասկավառակի երգերից։ Մեր երգերը հիմնականում հենց երեքս ենք հեղինակում։ Որոշ ստեղծագործություններ գրել է Անդրեն, մի քանիսին՝ Առլենը, որոշներն էլ՝ ես»։

Տեղեկացնենք, որ ձայնասկավառակի հնչունային ռեժիսորը Սերգեյ Գասպարյանն է։ Ալբոմի դիզայնով զբաղվել է հայտնի լուսանկարիչ Արվին Քոչարյանը։ Ձայմասկավառակի առաջին սինգլը Lily Flower-ն է, որի հիման վրա խումբն օրերս ներկայացրել է տեսահոլովակ։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE