Լեոնիդ Ագուտինը պատմել է, թե ինչու է Բիլանը հեռանում «Ձայնը» նախագծից

18:18   22 հոկտեմբերի, 2016

Երգիչ ու Ձայնը հեռուստանախագծի ժյուրիի անդամ Դիմա Բիլանը պատմել է, որ որոշել է եթերաշրջանի վերջում հեռանալ նախագծից։

«Դա հավանաբար կլինի իմ վերջին մասնակցությունը նախագծին,- նշել է Բիլանը,- Ինձ համար հասկանալի են այս ժանրի բոլոր օրենքները։ Իհարկե կարելի է դա եւ գովազդի հետ կապակցել, եւ ֆինանսների։ Այո, նախագծին մասնակցությունը շատ դրական է անդրադառնում ինչ-որ թվերի ու հրավերների վրա։ Բայց ինձ համար, անկեղծ ասած, դա չէ ելակետը»։

Լեոնիդ Ագուտինը «Дни» պորտալին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու է Բիլանը գնացել այդ քայլին։

«Խնդիրը սարսափելի հոգնածությունն է,- վստահ է Ագուտինը,- Այս նախագիծը հսկայական քանակության ուժեր ու ժամանակ է խլում։ Իսկ Դիման արդեն ութերորդ եթերաշրջանն է մասնակցում մանկական ու մեծահասակների «Ձայնը» նախագծերին։ Այնպես որ, անձամբ ես ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում նրա որոշման մեջ»։

Հիշեցնենք, որ մեծահասակների «Ձայնը» հեռուստանախագծի հինգերորդ եթերաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին «Առաջին ալիքի» եթերում։ Ուսուցիչնեըր արդեն հավաքել են իրենց թիմերը, հիմա մասնակիցների միջեւ մենամարտերի ու նոկաուտների ժամանակն է։ Նախագծի հաղթողին կորոշեն հանդիսատեսի քվեարկության արդյունքներով Նոր տարվա նախօրեին։



© NEWS.am STYLE