Մկրտիչ Արզումանյանը՝ 20 տարի անց «Մեր Բակ»-ի վերադարձի մասին

18:35   22 հոկտեմբերի, 2016

Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեւանյան ամենահայտնի ու սիրված ֆիլմերից մեկի՝ «Մեր բակի»-ի անձնակազմը տարիներ անց կրկին համախմբվել է։ Զառա Արամյանը, Աշոտ Ղազարյանը, Հրանտ Թոխատյանը, Մկրտիչ Արզումանյանը, Իրինա Դանիելյանը եւ ուրիշներ 20 տարի անց հանդիպել են այն բակում, որտեղ նկարահանվել է հայկական ամենակոլորիտային ֆիլմը։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը պատմեց, թե որն է դարձել իրենց հանդիպման գլխավոր պատճառը.

«Մեր բակի 20-ամյակի հետ կապված նկարահանումներ ենք ձեռնարկել։ Այն ներկայացվելու է հաղորդման շրջանակներում։ Դեռ չգիտեմ, թե երբ այն հասանելի կլինի հանրությանը, բայց այն լինելու է տեսանյութի տեսքով»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ 1997-ին թողարկված «Մեր բակը» ֆիլմաշարի առաջին եւ երկրորդ մասերի ռեժիսորն է Միքայել Դովլաթյանը։ Կարծում ենք՝ սիրված դերասանների կողմից ներկայացված տեսանյութը եւս մեկ անակնկալ կլինի երեւանցիների համար։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE