Մանչեսթերում երկրպագուները սուլել են Ջասթին Բիբերին

11:35   24 հոկտեմբերի, 2016

Մանչեսթերում երկրպագուները սուլել են Ջասթին Բիբերին, եւ խոսքը տեղական ակումբի ֆուտբոլային երկրպագուների մասին չէ: Կանադացի երգիչն իր համաշխարհային համերգային շրջագայության շրջանակում երեկ երեկոյան քաղաքում համերգ է տվել, բայց որոշել է նաեւ մի քանի խոսք ասել: Ելույթը չափազանց երկար է տեւել, ինչն ամենեւին դուր չի եկել երկրպագուներին: Նրանք սկսել են համերաշխորեն սուլել, իսկ հետո համացանցում ինչպես բացասական, այնպես էլ դրական մեկնաբանություններ են լցրել:

Բայց Բիբերը Բիբեր չէր լինի, եթե ամեն ինչ այդքան պարզ լիներ:

22-ամյա երգիչը զայրացել է երկրպագուների վրա, որոնք անընդհատ բղավել են եւ պահանջել, որպեսզի նա խոսելու փոխարեն երգի: Եվ կոմպոզիցիաներից մեկը կատարելուց առաջ Բիբերը հայտարարել է.

«Ես ճանապարհորդում եմ ամբողջ աշխարհում համերգներով եւ այստեղ եմ եկել: Ես ձեզ ուրախություն եւ ժպիտներ եմ բերում: Բայց զգում եմ, որ մարդիկ ինձ չեն հարգում այնպես, ինչպես ես եմ նրանց հարգում, դա ինձ փոքր-ինչ վիրավորում է, այդ պատճառով ես հիմա ավարտում եմ շոուն»,- բեմից հայտարարել է երգիչը:

Այս հայտարարությունից հետո աղմուկն ուժեղացել է, Բիբերը հեռացել է, բայց հետո, ամեն դեպքում, վերադարձել է, երգել իր երգն ու գնացել:

Համացանցում երկրպագուները երկու ճամբարի են բաժանվել. նրանց մի մասը համոզված է, որ Ջասթինն «աստղային հիվանդություն» ունի, իսկ մյուս մասը կարծում է, որ չի կարելի այդքան ճնշել երգչին:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE