Ի՞նչ արդյունքով է հայ գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոսյանը վերադարձել «Միսս Մայրցամաք-2016» գեղեցկության մրցույթից (ֆոտո)

12:26   25 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 3-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հայ մոդել Լիլիթ Մարտիրոսյանը Շրի Լանկայում էր, որտեղ գեղեցկուհին ներկայացնում էր Հայաստանը «Միսս Մայրցամաք» միջազգային հեղինակավոր գեղեցկության մրցույթում:

Միմյանց հետ մրցող 63 երկրների գեղեցկուհիներից հաղթող ճանաչվեց Պուերտո Ռիկոյի 19-ամյա ներիայացուցիչը՝ Հեյլիմար Ռոսարիոն: Սակայն մեր գեղեցկուհին եւս ձեռնունայն չի վերադարձել հայրենիք: Հայ մոդելը դարձել է համաշխարհային BIONA կոսմետիկ ընկերության հայտարարած մրցույթի հաղթող՝ որպես ամենախնամված մաշկ եւ մազեր ունեցող մասնակից:

Լիլիթը NEWS.am STYLE-ի հետ կիսվել է մրցույթից ստացած իր տպավորություններով.

«Մոտ երկու օր առաջ եմ վերադարձել Հայաստան: Տպավորություններս ուղղակի աննկարագրելի են: Այդ երկիրն ինձ գրավեց իր ջերմությամբ, բնությամբ ու մարդկային շռայլությամբ»:

Մոդելը տպավորած է նաեւ Շրի Լանկայի գեղեցիկ բնությունից եւ էկզոտիկ մրգերից.

«Կյանքում առաջին անգամ համտեսեցի կոկոս, տեսա տարբեր կենդանատեսակներ, իսկ ինչ վերաբերում է բուն մրցույթին՝ այն շատ շքեղ էր ու ինձ համար ամենակարեւորն այն է, որ ես այնտեղ շատ սիրված էի: Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության» լիգայի նախագահ պարոն Աշոտ Խաչատրյանին՝ այս կարեւորագույն մրցույթում վստահության համար: Շնորհակալ եմ եղբորս, ծնողներիս, դիզայներներ Գայանե Մարտիրոսյանին, Ջուլի Խանջյանին, գյումրեցի դիզայներ Անուշիկ Սարոյանին եւ տարազիս հեղինակ Լիլիթ Մելիքյանին: Ինձ անչափ բախտավոր եմ զգում, որ շրջապատված եմ նման մարդկանցով»:

Գեղեցկուհին նաեւ տեղեկացրեց, որ եւս մեկ մեծ ու շքեղ մրցույթի մասնակցելու հրավեր է ստացել, որի մասին խոստացավ առաջինը պատմել NEWS.am STYLE-ին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE