Ի՞նչն էր Հայկ Կասպարովին կարճ ժամանակով բերել Հայաստան

15:16   25 հոկտեմբերի, 2016

Այժմ Գերմանիայում բնակվող երգիչ Հայկ Կասպարովն օրեր առաջ ժամանել էր Երեւան: Երգիչն այսօր արդեն վերադառնում է Գերմանիա, սակայն մինչ այդ՝ նա հասցրել է NEWS.am STYLE-ին պատմել, թե ինչն էր իրեն բերել Հայաստան եւ ինչ փոփոխություններ է նկատել Երեւանում.

«Կարճ ժամանակով էի եկել Հայաստան: Այստեղ էի քրոջս հարսանիքին մասնակցելու նպատակով: Հասցրեցի նաեւ նոր երգեր ձայնագրել»,-ասում է երգիչը, որն իր այցի շրջանակներում եղել է միայն Երեւանում:

Հարցին՝ որքանով էր փոխվել Երեւանը, Հայկը պատասխանեց.

«Կարծում եմ՝ առանձնապես բան չի փոխվել, միայն ավտոմեքենաներն ու խցանումներն են շատացել: Բախտս չբերեց, արեւը քիչ էր, իսկ ես շատ եմ սիրում զբոսնել Երեւանով…Նկատեցի նաեւ, որ մարդկանց հայացքներն են սառել»:

Երգիչը նշում է, որ հնարավորության դեպքում մոտ ապագայում եւս մեկ անգամ սիրով կայցելեր հայրենիք.

«Այստեղ մշտական բնակության մասին դեռ չեմ մտածում, բայց ոչինչ չեմ բացառում»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE