Փարիզում Victoria's Secret–ի ցուցադրությունը կարող է ահաբեկիչների թիրախում հայտնվել

14:41   26 հոկտեմբերի, 2016

Սեպտեմբերի կեսին հայտնի էր դարձել, որ Victoria's Secret–ի ամենամյա ցուցադրությունը կկայանա Փարիզում։ Ցուցադրության նկարահանումները կընթանան նոյեմբերի վերջին, իսկ շոուն կցուցադրվի դեկտեմբերին։

The Victoria's Secret Fashion Shows–ի ցուցադրությունները սովորաբար անցկացվում են Նյու Յորքում, բայց այս անգամ շոուն որոշել են կազմակերպել Եվրոպայում, որտեղ ցուցադրությունը մինչեւ հիմա միայն 2 անգամ է տեղի ունեցել՝ 2000-ին՝ Կաննում եւ 2014-ին՝ Լոնդոնում։

Ինչու են կազմակերպիչները որոշել Փարիզում կազմակերպել ցուցադրությունը, հայտնի չէ, սակայն նրանք արդեն խոստովանում են, որ շոուն կարող է ահաբեկիչների թիրախում հայտնվել։

Այս պահին շոուի կազմակերպիչները որոշել են չհայտնել կոնկրետ վայրը, որտեղ կկայանա շոուն։

TMZ–ը հայտնում է, որ սրահի գտնվելու վայրի մասին գիտի միայն մարդկանց շատ նեղ շրջանակ։ Հնարավոր է, որ շոուն կնկարահանեն անաղմուկ, որպեսզի ուշադրություն չգրավեն։

Շոուի կազմակերպիչներն աշխատում են Ազգային անվտանգության ծառայության հետ սերտ համագործակցելով։

Այս պահին հայտնի է, որ պոդիում կբարձրանան Ադրիանա Լիման, Ալեսսանդրա Աբրոսիոն, Լիլի Օլդրիջը, Էլզա Հոսկը, Ժասմին Տուկը, Լաիս Ռիբեյրոն, Մարթա Հանթը, Սառա Սամպայոն, Ստելլա Մաքսվելը, Թեյլոր Հիլլը։

Անցյալ տարի բեմում հայտնվել էր նաեւ Սելենա Գոմեսը։

Եվ Քենդալ Ջենները։ Կժամանի՞ նա քաղաք, որտեղ քրոջը կողոպտել են, դեռ հարցականի տակ է։



© NEWS.am STYLE