Handmade դաս NEWS.am STYLE-ից. ձու ներկելու յուրահատուկ լուծում

14:01   27 մարտի, 2013

Զատիկը շատերի ամենից սիրելի տոներից է: Ընդունված է դրան նախօրոք պատրաստվել: Յուրաքանչյուր տանտիկին զատկի ուտեստների իր բաղադրատոմսն ունի: Երեխաներին դժվար է լինում զարմացնել. նրանք ուշադրություն են դարձնում ոչ միայն ձեւին, այլեւ բովանդակությունը՝ հատկապես ուրախանալով վառ, գեղեցիկ, անսովոր ամեն ինչով: Այդ պատճառով ձու ներկելուն առանձնահատուկ ուշադրություն դարձրեք:

Կարեւոր մի բան. եթե օգտագործելու եք ոչ բնական ներկեր, ավելի լավ է ներկելուց առաջ հանեք ձվի պարունակությունը: Ներկված ձվի կեղեւը գեղեցիկ նվեր կդառնա: Իսկ երեխաներին տրվող ձվերը ներկեք բնական ներկերով: Դրանց շարքում ամենից հայտնիներն են սոխի կճեպը, սուրճն ու թեյը, ստեպղինը, ճակնդեղը եւ այլն:

Դիտարկենք բնական նախշով ներկելու միջոցները: Նման ձու ստանալու համար հարկավոր է օգտագործել թարմ կանաչու տերեւները: Դրանք ավելի դյուրին է ձվի վրա ամրացնել թաց վիճակում: Տերեւը ձվի վրա ամրացնելու համար օգտագործեք զուգագուլպա: Ձուն տերեւի հետ միասին փաթաթեք զուգագուլպայի մեջ եւ ձգեք: Հետո ձուն դրեք ներկող լուծույթի մեջ եւ որոշ ժամանակ սպասեք: Հանեք այն ժամանակ, երբ ձուն ստանա ձեր ցանկացած գույնը: Զուգագուլպան եւ տերեւը հանեք, երբ ձուն չորանա: Հակառակ դեպքում ներկը կարող է փչացնել այն հատվածը, որը սպիտակ է մնացել:

Իսկ եթե դատարկ ձու եք ներկել, ապա հարկավոր է սպասել, որ ներկը դուրս հոսի դրանից: Ձուն դրեք խորը տարայի մեջ, անձեռոցիկի վրա: Այդ կերպ ներկը դուրս կհոսի եւ չի ներկի ավելորդ հատվածները:

Ահա եւ վերջ: Զատկի ձուն պատրաստ է:



© NEWS.am STYLE