Պատրաստում ենք համեղ եւ յուրահատուկ. Զատիկի պասկա

15:22   28 մարտի, 2013

Հայ ժողովրդի ավանդույթներում Զատկի տոնին պասկա պատրաստելն ընդունված չէ, այն դեպքում, երբ ռուսները տոնական սեղանն առանց դրա չեն պատկերացնում: Վերջին երկու տարիներին Երեւանի սուպերմարկետներում պասկա, այնուամենայնիվ, հայտնվեց: Ճիշտ է, երկու սուպերմարկետի աշխատակիցները խոստովանում են, որ դրանք այնքան էլ արագ չեն վաճառվում, ինչպես ակնկալում էին:

NEWS.am STYLE-ը որոշեց ներկայացնել պասկայի բաղադրատոմս, որով կարող եք զարմացնել ձեր հարազատներին: Միայն թե, եթե հնարավոր է, այն պատրաստեք արդեն այսօր, քանի որ եթե այնքան էլ փորձառու տանտիրուհի չեք, կարող եք խնդիրներ ունենալ թթխմորի հետ:

Ինչ է մեզ հարկավոր.

1 կգ. ալյուր (բարձրորակ);

1.5 բաժակ կաթ;

3 հատ ձու;

200 գր. սերուցքային կարագ;

1 բաժակ շաքարավազ;

թթխմոր (40-50 գր.);

աղ՝ ըստ ճաշակի (2/3 թեյի գդալ);

150-200 գր. չամիչ;

2 գր. վանիլին:

Չամիչը հարկավոր է լվանալ եւ 15 րոպե թրջել սառը ջրում (օգտագործեք բաց գույնի չամիչ, որպեսզի խմորը մուգ գույն չստանա): Գոլ ջրում թթխմորը լուծեք եւ ավելացրեք մի փոքր շաքարավազ: Այլուրի կեսով, լուծված թթխմորով եւ շաքարավազով խմոր պատրաստեք եւ դրեք որեւէ տաք տեղ: Երբ խմորը երկու անգամ ծավալով մեծանա, ավելացրեք աղ, մնացած ալյուրը, ձվի դեղնուցը, հարած սպիտակուցը, վանիլինը, կարագը:

Խմորը չպետք է շատ թանձր լինի, քանի որ այդ դեպքում պասկան ծանր կլինի եւ արագ կչորանա, բայց նաեւ ոչ շատ հեղուկ. այդ դեպքում էլ պասկան կլինի տափակ եւ ոչ շատ բարձր: Խմորը հունցել բավական երկար, որպեսզի այն հեշտությամբ անջատվի ձեռքերից:

Հարկավոր է խմորը ծածկել մաքուր սպիտակ սրբիչով եւ նորից տաք տեղ դնել: Երբ խմորը հասունանա, ավելացրեք չամիչ, կարելի է նաեւ մանրացրած ընկույզ: Հարկավոր է այն կրկին խառնել եւ դնել յուղով պատված ձեւամանների մեջ՝ մինչեւ կեսը: Թողեք խմորը հասնի ձեւամանի 3/4 բարձրությանը: Զգուշությամբ վրան (փետուրով) շաքարավազով կամ շաքարի փոշիով եւ բուսական յուղով հարած ձու քսեք: Թխեք ոչ շատ տաք ջեռոցում 30-50 րոպե՝ կապված պասկայի մեծությունից:

Որպեսզի ջեռուցից հանելուց հետո պասկան չնստի, այն դրեք բարձիկի վրա եւ թեթեւ կտորով ծածկեք:



© NEWS.am STYLE