Ռոմանտիկ ընթրիքի ճաշացանկ

22:14   8 ապրիլի, 2013

Ռոմանտիկ խնջույքի մեջ ամենից կարեւորը, որքան էլ զարմանալի լինի, ոչ թե կերակուրն է, այլ դրա ձեւավորումը: Այսինքն, դուք, իհարկե, կարող եք կես օր ծախսել՝ հրաշալի կերակուր կամ համեղ ուտեստների շքերթ պատրաստելու համար, սակայն առանց որեւէ թատերական գործողության անհնար է: Հակառակ դեպքում, բոլոր ջանքերն ի չիք կդառնան:

Ռոմանտիկ ընթրիքը կարելի է թեմատիկ անել. օրինակ, ձեւավորել արեւելյան, մեքսիկական կամ հնդկական ոճով: Դրա համար սենյակը զարդարեք համապատասխան ոճով՝ չմոռանալով մոմերի եւ ծաղիկների մասին, եւ պատրաստեք վառ, բայց ոչ ծանր ուտեստներ: Արեւելյան խոհանոցի ուտեստները լի են համեմունքներով, որոնք, ինչպես հայտնի է, ուժեղ գրգռիչներ են եւ միանգամայն տեղին կլինեն նման երեկոյի համար: Համարվում է, որ ինչքան շատ ուշադրություն է հատկացվում արտաքին տեսքին, այնքան պարզ պետք է լինի ուտեստը: Եվ հակառակը, ռոմանտիկ ընթրիք-անակնկալն ավտոտնակում՝ մեքենայի անիվների կողքին, պետք է մատուցվի լավագույնս. նուրբ ճենապակիով, իսկ ուտեստները պետք է լինեն նուրբ կամ էկզոտիկ: Հակադրությունը միշտ հրաշալի է: NEWS.am STYLE-ն ընթրիքի համար առաջարկում է աղցան, որը պետք է պատրաստել գավաթի մեջ, հիմնական ուտեստ եւ աղանդեր:

Աղցան «Ծովարքա»

Բաղադրիչները

150 գր. աղ դրած ձուկ;

150 գր. ծովախեցգետնի միս;

150 գր. պինդ պանիր;

4 ձու;

1 թարմ վարունգ;

1/2 սոխ;

սոուս – բնական յոգուրտ, մանանեխ, կիտրոնի հյութ (կամ մայոնեզ՝ ըստ ճաշակի):

Պատրաստման եղանակը

Խաշած ձուն բաժանեք սպիտակուցի եւ դեղնուցի, սպիտակուցն անցկացրեք խոշոր քերիչով: Վարունգը ձողիկների տեսքով կտրատեք, ավելորդ հյութը քամեք: Սոխը կտրատեք մանր խորանարդիկներով, պանիրն անցկացրեք խոշոր քերիչով: Սաղմոնը եւ ծովախեցգետնի միսը մանր շերտերով կտրատեք: Յոգուրտը խառնեք մանանեխի եւ կիտրոնի հյութի հետ, աղն ավելացրեք ըստ ճաշակի: Աղցանը շերտերով շարեք թափանցիկ գավաթների մեջ՝ յուրաքանչյուր շերտին մեկ գդալ սոուս լցնելով. սպիտակուց, վարունգ, սաղմոն, սոխ, ծովախեցգետնի միս, պանիր: Վերեւից զարդարել տրորած դեղնուցով եւ կանաչիով՝ ըստ ճաշակի:

Տավարի միս «Վելինգթոն»

Բաղադրիչները

4 տավարի սթեյք, յուրաքանչյուրը՝ 120-130 գր.;

3 ճաշի գդալ սերուցքային կարագ;

1 միջին չափի սոխ;

250-300 գր. սունկ;

50 մլ. կարմիր գինի;

1 փաթեթ սառեցրած շերտավոր խմոր;

1 ձու;

1 ճաշի գդալ ջուր;

աղ, սեւ պղպեղ՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

2 ճաշի գդալ սերուցքային կարագը թավայի մեջ հալեցրեք, ավելացրեք մանր կտրատած սոխ եւ տապակեք՝ մինչեւ թափանցիկ դառնալը: Ավելացրեք կտրատած սունկը եւ խառնելով տապակեք՝ մինչեւ հեղուկը գոլորշիանա: Ավելացրեք գինին եւ խառնեք՝ մինչեւ վերջնական գոլորշիացումը: Աղ եւ պղպեղ լցրեք եւ դրեք տարայի մեջ: Մնացած կարագը (1 ճաշի գդալ) լցրեք թավայի մեջ, կրակն ուժեղացրեք եւ միսը դրեք թավայի վրա: Մսի կտորներին աղ եւ պղպեղ ավելացրեք եւ արագ տապակեք՝ մինչեւ կեղեւը վարդագույն դառնա. շուրջ 1 րոպե՝ յուրաքանչյուր կողմից: Դրեք ափսեի մեջ եւ թողեք սառչի:

Ալյուրով պատված տախտակի վրա շերտավոր խմորը բացեք շուրջ 5 մմ հաստությամբ: Խմորը բաժանեք 8 քառակուսու. 4-ը՝ ոչ մեծ եւ 4-ը՝ ավելի փոքր: Ձուն խառնեք ջրի հետ եւ քսեք խմորի քառակուսիներին: Փոքր քառակուսիների վրա դրեք սնկային զանգվածը, վրայից՝ մսի կտորը: Խմորի մեծ քառակուսիով այն ծածկեք, միացրեք եւ ծայրերն ամրացրեք, շրջեք եւ դրեք թավայի վրա: Վրան ձու քսեք: Խմորի մնացորդներից սրտիկներ կտրեք, դրեք խմորի վրա եւ նորից ձվով պատեք:

«Փաթեթավորված» մսով թավան 15-20 րոպե դրեք 220°С ջերմաստիճանով տաքացված ջեռոցը: Խմորի մակերեսը պետք է ոսկեգույն կեղեւով պատվի: Երբ միսը պատրաստ լինի, թավան հանեք ջեռոցից, դրեք սեղանին եւ խմորի «փաթեթներին» մի փոքր փափկելու հնարավորություն տվեք (5 րոպեն բավական է):

Աղանդեր կիվիով եւ շոկոլադով

Բաղադրիչները

2 կիվի;

100 գր. շոկոլադ;

300 մլ. յուղոտ սերուցք:

Պատրաստման եղանակը

Կիվին կտրատեք, տեղադրեք երկու գավաթի մեջ: Ջրային վաննայում շոկոլադը հալեցրեք: Սերուցքը հարեք, միացրեք շոկոլադին եւ լցրեք կիվիի վրա: Կարող եք զարդարել ընկուզեղենով կամ հատապտուղներով:

Բարի ժամանց:



© NEWS.am STYLE