Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Թերրի Ջորջը եւ այլք՝ «Մեր խոստումը» բալետի պրեմիերային (ֆոտո/վիդեո)

23:35   22 սեպտեմբերի, 2017

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախաձեռնությամբ՝ այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Հայոց Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին նվիրված երաժշտական ներկայացման պրեմիերան, որին անձամբ մասնակցեց ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը:

Ներկայացումն իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր տիկնոջ հետ, վարչապետ Կարեն Կարապետյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Մեր խոստումը» ժամանակակից բալետը բեմադրվել է ի նշան հայ ժողովրդի երախտիքի՝ Քըրք Քըրքորյանին եւ ֆիլմը ստեղծողներին:

Ֆիլմի հերոս Միքայելը բալետային ներկայացման մեջ գաղթի ճանապարհին փոքրիկ աղջկան՝ Մարիային պատմում է հայ ժողովրդի սարսափելի պատմությունը: Հատկանշական է, որ դերակատարները Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի եւ ՀԲԸՄ Նորքի Հայորդաց Տան սաներն են: Իրականում բառերով անհնար է նկարագրել ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի բեմադրած ներկայացման էությունը, ոգին, որ փոխանցվում է հանդիսատեսին: Այն իսկապես դիտել է պետք: Հուզիչ եւ ազդեցիկ ներկայացումն ուղեկցվում էր ոչ պակաս ազդեցիկ երաժշտությամբ՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Հովեր» երգչախմբի մատուցմամբ:

Հրավիրյալ արտիստների կենդանի կատարումներն էլ ավելի ազդեցիկ դարձրեցին ներկայացումը, որում, անշուշտ, տեղ էին գտել նաեւ հատվածներ՝ «Խոստումը» ֆիլմից:

Ներկայացումը եզրափակվեց ֆիլմի սաունդթրեքով, որը փայլուն կատարեցին Իվետա Մուկուչյանը, Նարինե Դովլաթյանը, Տիգրան Պետրոսյանը, Արմեն Շահվերդյանը եւ Սրբուհի Սարգսյանը:

Օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը ներկայացման ավարտից հետո բեմ բարձրացավ եւ շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին.

«Իմ մասին գրում են, որ ես ֆիլմի հեղինակն եմ, բայց ես պետք է խոստովանեմ՝ ես չեմ դրա հեղինակը, այլ դուք, որպես ժողովուրդ, դուք եք գրել այս ֆիլմը: Ձեր նախնիների վերապրածը, այն, ինչ հայկական սփյուռքն է տվել համայն աշխարհին, ոգեշնչման աղբյուր է հանդիսացել ինձ համար: Այսօր, երբ աշխարհի խոշորագույն ճգնաժամը փախստականների իրավիճակն է, մենք պարտական ենք ձեր ժողովդրին՝ որպես օրինակ ծառայած ժողովուրդ, թե ինչպես կարելի է հաղթահարել նման մարտահավերը: Ես շնորհակալություն եմ հայտնում Survival Pictures-ին, որ վստահեցիք եւ թույլ տվեցիք ինձ նկարահանել այս ֆիլմը»:

Շուշան Շատիկյան

Լուսանկարները՝ Նարեկ Տեր-Պողոսյանի



© NEWS.am STYLE