Ամառային նոր ուղղություն. խոնավ մազերի էֆեկտ

20:06   18 ապրիլի, 2013

Մեկ անգամից գեղեցիկ «խոնավ» մազափնջեր ստանալ, անխոս, չեք սովորի: Հազիվ թե նաեւ կարողանաք այդ ավելի լավ անել, քան մասնագետը: NEWS.am STYLE-ը կպատմի, թե ինչպես արդյունավետ սանրվածքներ ստանալ եւ դրանք ինչպիսին կարող են լինել:

Այս տարի նորաձեւության պոդիումները, կարծես, խենթացել են. գրեթե բոլոր դիզայներները միաձայն նորաձեւ են հայտարարել «խոնավ» սանրվածքները: Պարզ է. շուտով ամառ է, լողափային հանգստի եւ տաք երեկույթների ժամանակը: Ուստի յուրաքանչյուր աղջիկ գայթակղող աստվածային տեսք կունենա ալիքավոր խոնավ մազերով: Վարպետորեն արված կերպարը հանդուգն եւ սեքսուալ տեսք ունի: Բայց չէ՞ որ նման սանրվածք ստանալը դյուրին չէ, կարեւոր է չչարաշահել մազերի սանրվածքի միջոցների քանակությունը, հակառակ դեպքում ձեր գլուխը ոչ կոկիկ, իսկ մազերը կեղտոտ տեսք կունենան: Խորհուրդներով մեզ կօգնի վարսահարդար Հասմիկ Դավթյանը:

«Խոնավ մազերի էֆեկտ բնականից ալիքաձեւ մազերով աղջիկների համար: Գլուխը լվացեք՝ ինչպես միշտ: Մազերը փաթաթեք խավավոր սրբիչով եւ շուրջ 10 րոպե սպասեք, որպեսզի ավելորդ խոնավությունը մազերից հեռանա: Այնուհետեւ մազերը լավ սանրեք: Անպայման այդ արեք մինչեւ հատուկ միջոցներ քսելը: Հիմա վերցրեք գել-սփրեյ կամ մուս՝ խոնավ էֆեկտ ստանալու համար, դրեք ափին, ձեռքը ձեռքին քսեք, որպեսզի միջոցը տարածվի երկու ափերին էլ: Այնուհետեւ միջոցը քսեք մազերին, փորձեք դա անել հավասարաչափ: Հիշեք, որ այս սանրվածքի դեպքում շատ դեռեւս չի նշանակում լավ: Հիմա հարկավոր է սպասել՝ մինչեւ մազերը չորանան: Վարսահարդարիչ մի գործածեք: Պարտադիր մազափնջերն անընդհատ ձեռքերով սեղմեք՝ խոպոպներ ձեւավորելով: Եթե ցանկանում եք ծավալ ստանալ մազարմատների մոտ, դրանք հիմքի մոտ մատներով բարձրացրեք: ԱՄբողջությամբ չորանալուց հետո չի կարելի մազերը սանրել, կարելի է միայն լրացուցիչ ամրացնել լաքով:

Խոնավ մազերի էֆեկտ ուղիղ մազերի համար: Լվացված եւ սրբիչով չորացրած մազերին քսում ենք հարդարանքի ցանկացած միջոց: Ուղիղ մազերի պարագայում պետք է ընտրել նվազագույնը միջին ամրություն ապահովող միջոց. միայն այդ կերպ սանրվածքը կպահպանվի ամբողջ օրվա ընթացքում: Հիմա մազերը բաժանում ենք փնջերի (բարակ կամ հաստ՝ ըստ ընտրության) եւ յուրաքանչյուր մազափունջը փաթաթում ենք բարակ բիգուդիով: Մազերը վարսահարդարիչով չորացնում ենք եւ հանում բիգուդիները: Իսկ հետո արդեն ինքներդ որոշեք՝ մազափնջերը բաժանել բաժանել ավելի բարակ փնջերի կամ թողնել խոշոր խոպոպներով:

Երկու դեպքում էլ հարկավոր է խոպոպներն ամրացնել մազերի լաքով»:



© NEWS.am STYLE