Հայերի եւ մարդկության դատը կայացավ

22:25   21 ապրիլի, 2013

Ճանաչված արտիստ Արտաշես Ալեքսանյայի՝ Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիային կից թատրոնի և կինոյի արտիստական ստուդիայի սաները Առնո Բաբաջյանյանի անվ. համերգասրահում ներկայացրեցին «Հայերի դատը մարդկության դատն է» ռազմահայրենասիրական երաժշտական բեմադրությունը: Այն առաջին անգամ ներկայացվել է Սանկտ-Պետերբուրգում` Մեծ Եղեռնի 90-ամյակին:

Միակ պրոֆեսիոնալը բեմում դրամատիկական թատրոնի դերասան, ներկայացման ամենատարեց մասնակից, գլխավոր դերակատար Գուրգեն Անտոնյանն էր, իսկ մնացածը ստուդիան ավարտող սաները: Որոնք, ի դեպ, հրաշալի կատարեցին իրենց դերերը:

«Այսօր սուգ չի լինելու», - խոստացավ Արտաշես Ալեքսանյանը եւ սուտ չասաց: Չկար լացուկոց, չկային բարձրաշխարհիկ զրույցներ եւ սրտաճմլիկ պատմություններ: Կար միայն ճիշտը, որը մատուցվեց բոլորովին յուրովի: Պետք է նշել, որ «Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացման սցենարի հեղինակն Արտաշես Ալեքսանյանն է, սցենարի մեջ մեջբերումներ կան նաեւ Հովհաննես Շիրազից: Ներկայացումն ուղղված էր ապագային: Այն կոնկրետ ժամանակագրություն չունի, այլ անդրադարձ է Եղեռնից անցած տարիներին:

Դահլիճում ներկա էին Արցախի պատերազմ տեսած ազատամարտիկներ, ինչպես նաեւ կոմպոզիտոր Արա Գեւորգյանը:  Ավարտին նրանք Արցախի վետերանների միության կողմից պարգեւատրվեցին մեդալներով, իսկ Արտաշես Ալեքսանյանը, Գուրգեն Անտոնյանը եւ եւս մի քանիսը ստացան պատվոգրեր: 

P.S. Գուցե ինչ-որ բան այնպես չեմ հասկացել, քանի որ ներկայացման ամբողջ ընթացքում անդադար խոսում, հեռախոսների պարունակությամբ կիսվում եւ կատակում էին 13-րդ շարքի 07, 08, 09 տեղերը զբաղեցրած անսահման կուլտուրայի տեր երեք կանայք...

Մարինա Ադուլյան



© NEWS.am STYLE