Լարս ֆոն Տրիերն այլեւս «անցանկալի անձ» չէ

11:30   22 ապրիլի, 2013

Քաննի կինոփառատոնի ղեկավարությունը ռեժիսոր Լարս ֆոն Տրիերից հանել է «անցանկալի անձի» կարգավիճակը, ում 2011 թվականին վտարել էին նացիստական կատակի համար:

Ըստ Screen Daily-ի, փառատոնի գեղարվեստական ղեկավար Թիերի Ֆրեմոն հայտարարել է, որ այդ կարգավիճակը ֆոն Տրիերին տրվել էր ոչ ընդմիշտ, այլ միայն 2011 թվականի համար, երբ տեղի է ունեցել միջադեպը: Նրա վերջին՝ «Նիմֆոմանուհի» ժապավենը դեռեւս ավարտին չի հասցվել: Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ ֆիլմը ներկայացվելու է Քաննում, բայց ֆոն Տրիերը չկարողացավ ժամանակին ավարտին հասցնել այն:

Հիշեցնենք, որ սկանդալը տեղի էր ունեցել 2011 թվականին, Լարս Ֆոն Տրիերի «Մելանխոլիա» ֆիլմին հետեւած մամուլի ասուլիսի ժամանակ: Այն ժամանակ ռեժիսորը հայտարարել էր, թե հրեաների դեմ ոչինչ չունի, բայց «փոքր-ինչ համակրում է Հիտլերին» եւ իրեն մի քիչ նացիստ է զգում: Այդ արտահայտությունից հետո ֆոն Տրիերին անմիջապես «անցանկալի անձ» հայտարարեցին:



© NEWS.am STYLE