Նկարիչների դինաստիայի արվեստանոցում. Սեր եւ Խաչ (ֆոտո)

19:46   22 ապրիլի, 2013

«Մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ. ինչո՞ւ են 22 հասուն տղամարդիկ դաշտի մեջ այս ու այն կողմ վազում կաշվի մի կտորի հետեւից», - NEWS.am STYLE-ի թղթակցի հարցին՝ «երկրպագո՞ւմ է, արդյոք, «Բարսելոնա»-ին», այսպես է պատասխանում սպիտակամորուս Սերգեյ քեռին՝ «Բարսա»-ի նշանով գործված գլխարկը գլխին, վարակիչ ծիծաղը դեմքին, դրական տրամադրությամբ լի, որը, նա՝ Հայաստանի նկարիչների միության անդամ Սերգեյ Խաչատրյանը, նույն ինքը՝ Սերխաչը, սրտաբացորեն փոխանցում է արվեստանոցի հյուրերին, որտեղ որդիների հետ «հեքիաթ» է ստեղծում:

Վարպե՛տ, վերջերս զրուցում էի Ձեր կրտսեր որդու՝ Արմանի հետ, եւ նա ինձ Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ հայի եւ վրացուհու հանդիպման մասին հետաքրքիր պատմություն պատմեց:

Այո՛, իմ ծնողները հանդիպել են պատերազմի ժամանակ, ինչի արդյունքում էլ ես ծնվեցի: Մայրս վրացուհի էր, իսկ հորական կողմից արմատներս Արեւելյան Հայաստանից են՝ Ալաշկերտից: Նախնիներս հոգեւորական են եղել: Ի դեպ, նրանցից մեկը՝ Գրիգորը, մանրանկարիչ էր, ով ծառայել է Սուրբ Կարապետ վանքում: Նա տիրապետում էր ասորերենին եւ թարգմանում էր ասորերեն ձեռագրերը: Մի անգամ նա գտել է մոգության մասին ասորերեն մի գիրք եւ եկեղեցուց գաղտնի թարգմանել հայերեն:

Նախնիներս շրջանցել են 1915 թվականի Ցեղասպանությունը, քանի որ ներկայիս Հայաստան են տեղափոխվել դեռեւս 1828-29 թվականներին եւ հաստատվել Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում:

Հավատո՞ւմ եք անունների մոգությանը: Ձեր կեղծանունը՝ Սերխաչ, ըստ իս, ուղղակիորեն ազդեցություն է ունեցել Ձեր տղաների բնավորության ձեւավորման վրա: Մասնավորապես, Ավետիսի աշխատանքներում կարելի է նկատել ե՛ւ սեր, ե՛ւ հավատք:

Ո՛չ, անունների մոգությանը չեմ հավատում: Չէ՞ որ կարող է այնպես պատահել, որ, օրինակ, մի մարդ, հրաշալի Վարդան անունով, սրիկա, հանցագործ եւ դավաճան լինի:

Սերխաչն ու որդիներն արվեստաբաններին հայտնի են որպես նկարիչների դինաստիա: Ձեր տոհմում նկարիչներ կայի՞ն, թե՞, այնուամենայնիվ, հենց Դուք եք դինաստիայի հայրը:

Իմ նախնիները տաղանդավոր մարդիկ էին, բայց նրանց մեջ նկարիչներ չկային: Դե, եթե չհաշվենք վերոհիշյալ մանրանկարիչ Գրիգորին:

Մեզ՝ հայերիս մոտ, ընդունված է, որ ծնողներն ուղղակի կապ են ունենում իրենց երեխաների մասնագիտության ընտրության հարցում: Օրինակ՝ մայրը ցանկանում է, որ դուստրը դաշնակահարուհի դառնա եւ նրա համար միեւնույն է, որ երեխան ուզում է բժիշկ դառնալ: Այն, որ ձեր տղաները՝ Ավետիսն ու Աբգարը, նկարիչ են դարձել, իսկ Արմանը՝ արվեստաբան, Ձեր կողմից ուղղակի միջամտության արդյո՞ւնք է:

Ոչ, հակառակը: Ես չէի ցանկանում, որ իմ որդիներն իմ ուղին ընտրեն եւ նույնպես նկարիչ դառնան: Մտածում էի՝ ինչո՞ւ տանջվեն: Բայց երբ 10-12 տարեկան էին, նկատեցի, որ ինձանից թաքուն նկարում են: Մի անգամ, Եվրոպա ուղեւորությունից վերադառնալուց հետո հայտնաբերեցի, որ նրանք արդեն բացահայտ են նկարում: Այդ ժամանակ ինձ ոչինչ չէր մնում, քան նրանց օգնել՝ ճիշտ նկարել: Բայց նրանց անհատականության վրա ես ոչ մի դեպքում չեմ ազդել, նրանք ինքնուրույն են գտել իրենց ձեռագիրը: Շատ արվեստաբաններ զարմանում են, որ իմ եւ տղաներիս ձեռագրերը տարբեր են: Պարզապես ես ձգտում էի ճիշտ դաստիարակել որդիներիս: Մինչեւ հիմա իմ եւ նրանց միջեւ սերունդների մտածողության բախում չի եղել:

Մանկությանս տարիներին հայրս նույնպես դեմ էր, որ ես նկարիչ դառնամ: Նա շինարար էր եւ ինձ տարավ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Ես նրան ասում եմ՝ «հայրի՛կ, բայց ես ցանկանում եմ նկարիչ դառնալ», իսկ նա ինձ՝ «ի՞նչ նկարիչ, ինչի՞դ է պետք «սոված» նկարիչ դառնալ»: Այն ժամանակ ստիպված էի ընտրել ճարտարագիտության ֆակուլտետը, քանի որ այնտեղ ընդունելության քննությունների ցանկում նկատեցի նկարչություն առարկան: Արդյունքում հայտնվեցի ճարտարագիտության ֆակուլտետում, բայց մշտապես շփվում էի նկարիչների հետ եւ նկարում: Հետո երկու տարի աշխատեցի որպես ճարտարապետ: Համարում եմ, որ կորցրել եմ այդ երկու տարիները:

Վարպե՛տ, Դուք ամբողջ կյանքի ընթացքում չեք դադարել նկարել: Մասնագիտության ընտրության հարցում հիասթափության պահեր եղե՞լ են:

Այո, իհարկե: Սա կյանք է եւ կազմված է հիասթափություններից, անկումներից եւ վերելքներից: Բայց ես մինչեւ հիմա մեծ հաճույքով եմ նկարում: Ես երջանիկ եմ: Չէ՞ որ սիրում եմ իմ աշխատանքը: Բացի այդ, հրաշալի որդիներ ունեմ, հպարտանում եմ նրանցով, որ հասարակության մեջ գտել են իրենց տեղը: Երջանիկ եմ, որ ունեմ այսպիսի կին, ով ինձ հասկանում է: Նա միշտ աջակցել է ինձ: Երբ ես տարվում եմ նկարի վրա աշխատանքով եւ փակվում եմ իմ աշխարհում, նա ինձ չի շեղում, ինքն է ամեն ինչ անում՝ հասկանալով, որ այդ պահին ես ստեղծագործում եմ: Շատ կարեւոր է, որ արվեստագետի հետ ամուսնացող աղջիկը հասկանա, որ ամուսնու երկրորդ կինն է լինելու, քանի որ առաջինն արդեն արվեստն է:

Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում նկարներ ստեղծելու գործում:

Չարտահայտած մտքերը, որոնք պետք է փնտրել եւ գտնել: Շատ դժվար է այդ անել: Ես միշտ չարտահայտված մտորումների փնտրտուքի մեջ եմ: Հաճախ կարդում եմ մեծ փիլիսոփաներին, բայց նրանց հետ միանգամից չեմ համաձայնում, սկսում եմ վերլուծել եւ փնտրել նրանց կողմից չնկատված մտքեր, ինչի արդյունքում էլ նոր միտք եմ հայտնաբերում: Այդ նոր միտքն էլ դառնում է իմ ստեղծագործությունների սկիզբը: Երիտասարդ տարիքում սիրում էի շփվել տարեց մարդկանց հետ եւ խոսակցությունը բերել փիլիսոփայական մտորումների: Ապշեցուցիչ էր այն, ինչ ես հայտնաբերում էի այդ պարզ մարդկանց մեջ, ովքեր, վստահ եմ, չեն կարդացել մեծ փիլիսոփաներին:

Սերխաչը տարբեր է, նրա ստեղծագործությունները բավական հակասական են: Ամեն դեպքում, կա՞ գեղանկարչության ոճ, որը նախընտրում եք:

Այո, իրականում իմ աշխատանքները բավական տարատեսակ են: Ես սիրում եմ փորձարկել: Ամեն ինչ կախված է իմ տրամադրությունից, հոգեվիճակից, մթնոլորտից եւ այլ գործոններից: Չէի ասի, որ չունեմ իմ ձեռագիրը: Իմ աշխատանքներին ծանոթ արվեստաբանն անպայման կհասկանա, որ սա Սերխաչի ձեռքի գործն է՝ չնայած իմ ստեղծագործությունները շատ տարբեր են. կա ե՛ւ աբստրակցիա, ե՛ւ բնանկարներ, ե՛ւ կոմպոզիցիաներ, դիմանկարներ եւ կոլլաժներ: Մի խոսքով՝ ամեն ինչ: Ես ինձ ոճաբանական շրջանակների մեջ չեմ դնում: Ոճն ինձ համար սկզբունքային չէ. ինչպես զգում, այնպես էլ նկարում եմ:

«Սերխաչ» կեղծանունն ինձ պարտավորեցնում է հարցնել սիրո եւ հավատքի նկատմամբ Ձեր վերաբերմունքի մասին:

Նախ՝ սիրո մասին: Սերն այն է, երբ երկու էակ պատրաստվում են միասին ստեղծել իրենց նման երրորդին: Սերն Աստծո մտահղացումն է: Նա ստեղծել է տղամարդուն եւ կնոջը, որպեսզի նրանք սիրեն միմյանց, պտղաբերեն եւ բազմանան:

Հավատքի մասին: Քանի դեռ մարդը չի պատասխանել արարչագործության եւ բնության մեջ տեղի ունեցող գործընթացների մասին բոլոր հարցերին, նա իրավունք չունի չհավատալ: Մարդն իրավունք չունի աթեիստ լինել: Մոլորակի վրա հարյուրավոր հավատներ կան, եւ յուրաքանչյուրն իր մեջ որոշակի ճշմարտություն է պարունակում: Առանց հավատքի ապրել անհնար է, մարդը պետք է ինչ-որ բանի հավատա:

Գեղանկարչությամբ սահմանափակվո՞ւմ եք, թե՞ այլ նախասիրություններ էլ ունեք:

Սիրում եմ կարդալ: Չեմ ցանկանում առանձին գրողների նշել, բայց կան որոշ ստեղծագործություններ, որոնք կարդացել եւ տխրել եմ, երբ ավարտվել են: Օրինակ՝ պատանի տարիքում ինձ վրա աննկարագրելի տպավորություն թողեց Մարկ Տվենի «Թոմ Սոյերը»: Շատ եմ սիրում աֆորիզմներ, որոնց շուրջ երկար մտորում եմ: Ազատ ժամանակ նաեւ բանաստեղծություններ եմ գրում եւ խաչքարերի նոր զարդանախշեր եմ ստեղծում:

Վարպե՛տ, եւ վերջում նկարիչների երիտասարդ սերնդի հետ կիսվեք Ձեր անգնահատելի խորհրդով:

Ինչով էլ զբաղվեն, թող այն, ինչ անում են, անեն ազնվությամբ: Մի՛ մտածեք, մի՛ անհանգստացեք, որ ձեզ չեն հասկանա: Վարվեք այնպես, ինչպես զգում եք, եւ, կարեւոր չէ, որ ձեզ չեն հասկանա: Յուրաքանչյուր մարդու կյանքում կան խորը գաղտնիքներ, որոնք մենք ջանում ենք թաքցնել բոլորից՝ առանց բացառության, բայց չի կարելի թաքցնել նույնիսկ այդ: Որքան ազնիվ լինեք ինքներդ ձեր եւ շրջապատի հանդեպ, այնքան նշանակալի կլինի այն, ինչ ցանկանում եք ներկայացնել աշխարհին: Հավելեմ, որ մենք հրաշալի երիտասարդ սերունդ ունենք, որին ես շատ եմ սիրում: Ես վկա եմ, որը մեզ մոտ շատ լավ սերունդ է աճում: Ես սիրում եւ հպարտանում եմ նրանցով:

Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար: Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Շնորհակալություն:

 

Շարունակությունը՝ հաջորդիվ:

Սերխաչի արվեստանոցում եղել է Մարկ Հովհաննիսյանը

Լուսանկարները՝ Սերխաչի անձնական ֆոտոսրահից



© NEWS.am STYLE