Վերջերս մենք ներկայացրեցինք խնամքի բյուջետային կոսմետիկ միջոցներ: Այսօր NEWS.am Style-ը ձեզ կծանոթացնի ոչ թանկարժեք դեկորատիվ կոսմետիկայի հետ, որը ոչ մի բանով չի զիջում լյուքսային ապրանքանիշերին: Լավագույն սեւաներկ, շրթներկ եւ ստվերաներկ՝ մինչեւ 5 հազար դրամով:
DIVAGE FOUNDATION VELVET տոնային կրեմ
Թեթեւ բաղադրությամբ հրաշալի կրեմ, որը մաշկին հազիվ է նկատվում՝ հոյակապ հավասարեցնելով դեմքի տոնը: Կրեմը ծածկում է մաշկի բոլոր մանր թերությունները, դրա հետ մեկտեղ առողջ փայլ է հաղորդում: Գինը՝ 3900 դրամ:
MAYBELLINE Fit Me դիմափոշի
Այս դիմափոշու յուրահատուկ բաղադրությունը փայլատ էֆեկտ է ստեղծում: Ամենակարեւորն այն է, որ դիմափոշին առավելագույնս փակում է անցքերը եւ կանխում ճարպային փայլը: Մաշկը փայլատ տեսք ունի: Գինը՝ 4500 դրամ:
Flormar կոնսիլեր շտկիչ
Այս կոնսիլերը գտածո է նրանց համար, ովքեր ցանկանում են թաքցնել երեւացող երակները եւ աչքերի տակ կապտուկները, ծածկել մանր պզուկները եւ ցանը: Իր գնային կարգում արժանի արտադրանք է: Դրա հետ մեկտեղ, այն պայուսակում քիչ տեղ է զբաղեցնում: Գինը՝ 2800 դրամ:
Vivienne Sabo Cabaret Premiere սեւաներկ
Շատ ոճաբաններ նախապատվությունը տալիս են հենց այս սեւաներկին՝ հարմարավետ սիլիկոնային խոզանակի շնորհիվ: Դրանից զատ, սեւաներկը թարթիչները լավ է ներկում, իսկ ամենագլխավորը՝ մազիկները չի վերածում աչքերի տակ եղած սեւ գուղձի: Անձամբ ես արդեն մի քանի տարի օգտվում եմ այս բյուջետային սեւաներկից: Գինը՝ 3300 դրամ:
Կոպերի MISSLYN Eyeshadow ստվերաներկ
Այս ստվերաներկը հրաշալի է ստվերագծում կոպերը, աչքի է ընկնում բացառիկ կայունությամբ եւ չի տարածվում: Բազմազան ներկապնակի հարուստ հավաքածուն հաճախ է օգտագործվում պրոֆեսիոնալ դիմահարդարման համար: Գինը՝ 2500 դրամ
Golden Rose Longstay հեղուկ փայլատ շրթներկ
Կայուն շրթներկ է՝ հաճելի հոտով ու համով եւ հագեցած երանգներով: Հավասարաչափ է ծածկում եւ շրթունքներին պահպանվում է մինչեւ 8 ժամ: Հավանաբար միակ փայլատ շրթներկն է, որ մեծապես գերազանցում է լյուքսային նմանօրինակները: Կատարյալ տարբերակ է 1900 դրամով:
Մարգարիտա Ավագյան