Հայկական էթնո-ջազ բենդը նյույորքյան ջազ փառատոնի քվեարկության առաջին հորիզոնականում է (ֆոտո)

20:15   23 ապրիլի, 2013

«Հիմա հիմնական պայքարը ծավալվում է մեր եւ երկրորդ տեղում գտնվող մակեդոնական «Letecki Pekinezeri» խմբի միջեւ: Ավելի դժվար է պահպանել, քան գրավել առաջին տեղը, քանի որ ակտիվ մրցակցություն է սկսվում»,- NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում պատմեց կոմպոզիտոր, թառահար, «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» խմբի ղեկավար Միքայելը:

«Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» խումբը բարձրացել է քվեարկության առաջին հորիզոնական: Կարելի՞ է ասել, որ եթե պահպանեք այս ձեռքբերումը, մեկնելու եք Նյու Յորք:

Եթե պահպանենք՝ այո, մեկնելու ենք Նյու Յորք եւ միջազգային ջազ փառատոնում ներկայացնելու ենք Հայաստանը:

Իսկ ձեր ամենամոտ հետապնդողը շա՞տ է հետ մնում: Մի փոքր պատմեք քվեարկության ձեր մրցակիցների մասին:

Հիմա հիմնական պայքարը ծավալվում է մեր եւ երկրորդ տեղում գտնվող մակեդոնական «Letecki Pekinezeri» խմբի միջեւ: Մենք նրանցից տարբերվում ենք ժանրով: Մակեդոնական խումբը ներկայացնում է դասական սվինգ, իսկ մենք՝ ֆոլք-ֆյուժն, էթնո-ջազ:

Փառատոնը մեկնարկելու է միայն նոյեմբերին: Քվեարկությունը դեռեւս շարունակվում է եւ հայտնի չէ, թե երբ կավարտվի: Այդ պատճառով հիմա ավելի դժվար է: Ավելի դժվար է պահպանել, քան գրավել առաջին տեղը, քանի որ ակտիվ մրցակցություն է սկսվում:

Նյու Յորք ամբողջական կազմո՞վ եք մեկնելու: Չէ՞ որ դա բավական ծախսատար է: Հովանավորներ արդեն կա՞ն, ովքեր պատրաստ են ծախսերն իրենց վրա վերցնել:

Այո, մեկնելու ենք ամբողջական կազմով. ես՝ թառ, Դավիթ Մելքոնյանը՝ սաքսոֆոն, Արման Փեշտմալջյանը՝ ստեղնաշարային գործիքներ, Վարդան Գաբոյանը՝ կիթառ, Էդուարդ Հարությունյանը՝ պերկուսիա, Գուրգեն Էբեջյանը՝ բաս եւ Մովսես Էբեջյանը՝ հարվածային գործիքներ:

Հովանավորներ, ցավոք, չկան: Մեր ֆինանսական խնդիրները հիմնականում մենք ենք լուծում: Բայց լավ կլիներ, եթե հովանավորներ հայտնվեին, քանի որ, ամեն դեպքում, ներկայացնելու ենք մեր երկիրը՝ Հայաստանը: Իսկ որպեսզի ոչ մի բանի մասին չմտածենք, այլ կենտրոնանանք միայն ստեղծագործելու վրա, հարկավոր է, որ ֆինանսական խնդիրները մեզ չշեղեն:

Կարելի՞ է ասել, որ այս փառատոնը ներկայում ձեր խմբի պատմության մեջ ամենանշանակալի իրադարձությունն է:

Այո, կարելի է նաեւ այդպես ասել: Ընդհանրապես, միջազգային ցանկացած փառատոն մեզ համար մեծ նշանակություն ունի: Սակայն մենք չենք պատրաստվում սահմանափակվել ձեռք բերածով, այլ շարժվելու ենք դեպի ավելի բարձր նպատակներ:

Շնորհակալություն, Միքայել: Ձեզ հաջողություն ենք մաղթում եւ հույս ունենք, որ Նյու Յորքից կվերադառնաք հաղթողի կարգավիճակով:

Շնորհակալություն NEWS.am STYLE-ին մեր խմբի զարգացման գործընթացի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար: Նաեւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր չեն զլանում քվեարկել մեր օգտին եւ հենց նրանց շնորհիվ մենք բարձրացանք առաջին հորիզոնական: Ցանկանում եմ նշել, որ քվեարկությունը դեռեւս շարունակվում է եւ, համապատասխանաբար, հարկավոր է շարունակել քվեարկել մեր օգտին, որպեսզի կարողանանք պահպանել առաջատարի դիրքը: Իմ խնդրանքն է մեր արվեստի բոլոր երկրպագուներին, որպեսզի չդադարեն մեզ հավատալ եւ շարունակեն քվեարկել:

Զրուցեց Մարկ Հովհաննիսյանը



© NEWS.am STYLE