Նորաձեւության փորձագետի խորհուրդները. կրծկալ ենք ընտրում

23:07   23 ապրիլի, 2013

Կնոջ անթերի տեսքի համար պակաս պատասխանատու չէ նաեւ կրծկալը: Հաջող ընտրված ներքնազգեստը ոչ միայն հմտորեն կթաքցնի կազմվածքի թերությունները, այլեւ կդառնա կանացի մարմնի իսկական զարդը:

Բոլոր ժամանակներում գեղեցիկ սեռի ներկայացուցիչները տարբեր միջոցներ են փնտրել կանացիության գլխավոր ատրիբուտը՝ կուրծքը ծածկելու եւ պահելու համար: Կրծկալի ամենահին նախնիները կտորե կապերն են, որոնք կրում էին եգիպտուհիները: Ժամանակակից կրծկալի նախորդն իրանակալն էր:

Քաղաքակիրթ աշխարհի բոլոր կանայք կրծկալը համարում են իրենց հարդարանքի ամենօրյա եւ անքակտելի մասը: Իսկ ինչպե՞ս ընտրել հենց այն, ինչը հարմար է: Ահա մի քանի խորամանկություն, որոնք անպայման կօգնեն ձեզ:

1. Խանութում ձեզ համար ընտրել են չափսը, ցանկալի ձեւն ու գույնը: Բայց առանց փորձելու կրծկալ ընտրելը կատու է պարկում: Այդ պատճառով ճանապարհվեք ոչ թե դեպի դրամարկղ, այլ՝ հարդերձարան:

2. Հագնելով ընտրված նմուշը՝ առանց շտապելու զգացեք եւ դիտեք այն մարմնի վրա: Առաջին նախանշանը, որ կրծքալը «ձերն է», կատարյալ հարմարավետությունն է:

3. Իջեցրեք ուսը: Եթե ուսակալն ընկնում է, ապա կրծկալը ձեզ հարմար չէ: Կրծկալը պետք է իր տեղում լինի. ո՛չ ցածր, ո՛չ էլ շատ բարձր:

4. Եթե ձեզ թվում է, որ «ահա այս ոսկորիկը միայն մի փոքր է սեղմում, իսկ կուրծքը գրեթե դուրս չի ընկնում», հանեք այն եւ խնդրեք ուրիշը:

5. Փարթամ կրծքով կանանց անհրաժեշտ է ընտրել ոսկորիկների վրա լայն ուսակապերով կրծկալ, հակառակ դեպքում դրանք կխրվեն ուսերի մեջ եւ անհարմար կլինի կրելը: Կրծքի մեծ չափսով կանայք պետք է ուշադիր լինեն բաց կրծկալ կրելիս, որպեսզի «հարստությունը» դուրս չընկնի:

6. Կրծկալը չպետք է չափից շատ սեղմի ձեր կազմվածքը, միաժամանակ կուրծքը չպետք է ազատորեն «կախվի»:

7. Կարեւոր է հիշել, որ ոչ ճիշտ ընտրված կրծկալը նվազագույնն անհարմար է, բացի այդ՝ նաեւ կանացի կրծքի առողջության համար վտանգ:

8. Ուշադրություն դարձրեք ոչ միայն մոդելի արտաքին տեսքին, այլեւ կտորին: Արհեստական գործվածքները ոչ միշտ են մաշկին շնչելու հնարավորություն տալիս, այդ պատճառով ընտրեք ավելի բնական կտորները:

Անժելիկա Մանուկյան



© NEWS.am STYLE