«Վիրտուալ սեքսը եւ դրա ազդեցությունը մարդու կյանքի վրա» թեմայով ասուլիս Երեւանում (ֆոտո)

14:42   23 ապրիլի, 2013

Այսօր համացանցը լի է կայքերով, որոնք վիտուալ ծանոթություն եւ հարաբերություններ սկսելու հնարավորություն են տալիս: Բայց, ցավոք, մարդիկ չեն հասկանում, թե ինչպիսի լուրջ հետեւանքների այն կարող է հանգեցնել: Եթե մարդը դիտում է բաց լուսանկարներ եւ տեսանյութ՝ դրանից օրգազմ ապրելով, հնարավոր է, որ որոշ ժամանակ անց այլեւս չի ձգտի իրական հարաբերությունների, իրական սեքսի: Այս մասին ապրիլի 23-ին «ANI PLAZА» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանն իր հերթին հայտարարեց. «Վիրտուալ ծանոթությունները մարդկանց առավելապես գրավում են նրանով, որ նրանք կարող են անանուն մնալ: Հենց դրա շնորհիվ էլ մարդիկ կարող են անել այն, ինչ ցանկանան, իրենց ներկայացնել այն կերպարով, որի մասին միշտ երազել են: Հենց վիրտուալ աշխարհում ենք կարողանում շփվել տարբեր երկրներից մարդկանց հետ, ինչը շատ հաճախ իրական կյանքում հնարավոր չէ: Ստացվում է, որ վիրտուալ աշխարհը թեթեւացնում է մեր պահանջների բավարարումը»:

Մասնագետների խոսքով, վիրտուալ սեքսին ավելի շատ դիմում են տղամարդիկ, քան կանայք: Վրեժ Շահրամանյանը դրա համար հետեւյալ բացատրությունն ունի. «Իհարկե, այստեղ մեծ դեր է խաղում տղամարդու բնույթը: Վիրտուալ աշխարհը շատ ժամանակ չի պահանջում, եւ կնոջը սիրահետելու անհրաժեշտություն էլ չկա: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է, այդ պատճառով տղամարդը ձգտում է արագորեն բավարարել իր ցանկությունները: Եկեք նաեւ չմոռանանք այն մասին, որ վիրտուալ ծանոթության պարագայում տղամարդը ստիպված չէ վճարել ինչ-որ բանի համար: Ստացվում է, որ տղամարդը, առանց առանձնակի ջանքերի եւ ծախսերի, բավարարում է սեռական ցանկությունները»:

Ներկաներին նաեւ հետաքրքրում էր հարցը, թե, ընդհանրապես, ինչո՞ւ է անհրաժեշտ դիմել վիրտուալ սեքսի:

«Վիրտուալ սեքսին դիմում են մարդիկ, ովքեր այնքան էլ ինքնավստահ չեն: Նրանք իրենց սեքսուալ չեն համարում եւ չեն կարծում, որ հակառակ սեռի ներկայացուցչի հետ կարող են կապ հաստատել իրական կյանքում: Կամ եթե օր ու գիշեր աշխատում եք, ապա, բնականաբար, իրական սեքսի համար ֆիզիկապես ուժ չունեք»,- պատասխանեց Վրեժ Շահրամանյանը:

Միհրդատ Մադաթյանն ավելացրեց. «Այսօր էրոտիկան շատ լավ է ցուցադրված եւ ներկայացված: Հենց ա՛յդ է գրավում մարդկանց: Եվ այն, ինչ նրանք չեն կարողանում գտնել տանը, ընտանիքում, գտնում են համացանցում»:

NEWS.am STYLE-ի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը, Google-ի հաշվարկներով, առաջատարի դիրք զբաղեցնում այն երկրների ցանկում, որոնք պոռնոգրաֆիա են դիտում եւ ինչի՞ հետ է դա կապված, սեքսոպաթոլոգը պատասխանեց. «Մեր դպրոցներում սեռական կյանքի մասին տեղեկություններ չեն տալիս, ընտանիքում նույնպես այդ չկա: Որտեղի՞ց պետք է անչափահասները եւ ընդհանրապես սեքսով հետաքրքրված մարդիկ իմանան այդ մասին: Իհարկե, համացանցից: Դա միակ արագ աղբյուրն է, որտեղից կարող ես իմանալ՝ ինչ անհրաժեշտ է»: Իսկ հոգեբանը հումորով ավելացրեց. «Եկեք չմոռանանք այն մասին, որ հայերը հիմնականում օգտվում են Google-ի, իսկ, օրինակ, ռուսները՝ Yandex-ի ծառայություններից: Իսկ այդ հաշվարկները միայն Google-ի տեղեկություններն են: Ու նաեւ մի մոռացեք, որ արաբներն ընդհանրապես նման կայքեր չունեն: Պատկերացրեք, եթե դրանք լինեին նրանց մոտ, ինչ կկատարվեր…»:

Պատրաստեց Եվա Մակվեցյանը

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE