Ինչպե՞ս հարսանիքի գունային գամմայի ընտրության ժամանակ խուսափել սխալներից

22:14   23 ապրիլի, 2013

Ամենադժվար խնդիրներից մեկը, որին բախվում է ցանկացած հարսնացու, հարսանեկան ձեւավորման համար հաջող գունային գամմայի փնտրտուքն է: Չէ՞ որ հարսանիքից տպավորությունը ստեղծվում է բազմաթիվ տարրերի արդյունքում, եւ տոնակատարության ընդհանուր պատկերում դեկորն ամենեւին էլ վերջին տեղում չէ: Ապագա փեսացուին եւ հարսնացուին օգնելու խնդրանքով դիմեցինք միջոցառումների կազմակերպման ուղղությամբ մասնագիտացած Event Service ընկերության տնօրեն Սոֆյա Սարգսյանին:

«Կցանկանայինք նշել հիմնական սխալները, որ կատարում են գունային գամմայի ընտրության ժամանակ: Եթե դուք վառ էակ եք եւ սիրում եք վառ գույներ, հրաշալի է: Բայց հարսանեկան ձեւավորման ընտրության ժամանակ անհրաժեշտ է սահմանափակվել 3 գույնով, որոնք ներդաշնակում են միմյանց, քանի որ գունագեղության եւ անճաշակության սահմանները շատ ավելի մոտ են, քան թվում է:

Հարսանեկան դեկորում ծաղիկների առատությունն անփույթ եւ քաոտիկ տպավորություն է ստեղծում: Խորությունն ու հագեցվածությունն ավելացնելու համար խորհուրդ ենք տալիս ընտրել հիմնական գույնի մի քանի երանգ:

Կարելի է մտածել նաեւ վկաների հագուստի մասին: Այսօր տարածված է աղջիկների համար միագույն կամ գունային գամմայով զգեստներ կարելու սովորույթը, ընդ որում, դրանց ձեւերը կարող են տարբեր լինել, քանի որ յուրաքանչյուր աղջկա կազմվածքն առանձնահատուկ է: Իսկ տղաների համար կարելի է գնել միանման փողկապ, շարֆ, թաշկինակներ կամ նույնիսկ քուղեր:

Գոյություն ունի գունային գամման խաղարկելու եւս մեկ գեղեցիկ հնարք. հյուրերին խնդրեք, որպեսզի նրանց հագուստում ընտրված գույնն առկա լինի: Նման ցանկության մասին պարզապես կարելի է նշել հրավիրատոմսում: Գունային շեշտադրումը կարելի է նաեւ օգտագործել հարսանեկան տորթում: Հարսանեկան ձեւավորման նոր ուղղություն է զգեստի եւ տորթի միեւնույն ոճի համադրությունը: Դա հիասքանչ է դիտվում:

Եթե հարսանիքի գունային գամման չի համընկնում սիրելի ծաղիկների գույնի հետ, հատուկ էկզոտիկ ծաղիկներ ընտրելու կարիք չկա:

Ընտրեք չեզոք բույսեր, որոնք կփափկացնեն գունային գամման, այլ ոչ թե կմրցակցեն դրա հետ: Եթե սեղանի փնջերը ձանձրալի թվան, ընտրեք վառ երանգներով ծաղկամաններ:

Հարսանեկան ձեւավորման ժամանակ պետք չէ նաեւ միայն գունային գամմայի վրա հույս դնել: Կարելի է տարածքում բազմազանություն եւ խորություն ստեղծել՝ խառնելով մի քանի կառուցվածքները: Ծաղիկներ, սփռոցներ եւ նույնիսկ հարսանեկան զգեստներ. խաղարկելով տարբեր երանգները, ձեւերն ու մակերեսները՝ կարելի է հասնել աներեւակայելի արդյունքի:

Հարսանեկան դեկորում, ինչպես նաեւ մնացյալ ամեն ինչում, հարկավոր է ձգտել խուսափել ծանրաբեռնումից, այդ պատճառով անպայման հետեւեք ձեր զգացողություններին: Եվ ամենակարեւորը. մի մոռացեք, որ հարսանեկան հրավերները նույնպես անհրաժեշտ է ընտրել ընդհանուր ձեւավորմանը համապատասխան»:



© NEWS.am STYLE