Մասնագետի խորհուրդները. խոհանոցի դիզայն (ֆոտո)

19:17   26 ապրիլի, 2013

Խոհանոցը տան մեջ համարվում է այն վայրը, որտեղ մարդիկ (հատկապես՝ կանայք) օրվա զգալի մասն են անցկացնում: Այդ պատճառով տան այդ հատվածի դիզայնը կարեւոր դեր է կատարում, ինչը, իր հերթին, ազդում է այնտեղ գտնվողի տրամադրության վրա: NEWS.am STYLE-ը որոշեց խորհրդի համար դիմել երիտասարդ եւ հեռանկարային դիզայներ Ազատ Լոքմագյոզյանին:

«Խոհանոցային կահույք ընտրելիս պետք է հաշվի առնել դրա հարմարավետությունը եւ տեղադրումը. ժամանակակից դիզայնը պետք է լինի ֆունկցիոնալ եւ որակյալ:

Մեր օրերում ֆունկցիոնալությունը ոճ է հաղորդում: Խոհանոցային կահույքը հարկավոր է մանրակրկիտ ընտրել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ այն փոխում են 10-15 տարին մեկ անգամ: Խոհանոցային կահույքի ոճերի մեջ առաջատարը high-tech-ն է. գերնորաձեւ ոճ, որ ստեղծվում է ապակու, պլաստիկի եւ ալյումինի համադրությամբ: Այն համարվում է դասականի ճիշտ հակառակը:

High-tech-ի առանձնահատկություններից են ճիշտ ձեւերը՝ առանց ավելորդ նախշերի, ճակատային փայլուն վերնամասերի: Խորհուրդ է տրվում կահույքի արտաքին մասնիկների նվազագույն օգտագործումը՝ բռնակների բացակայություն, որակյալ լուսավորիչներ, բարձրացման եւ տեղաշարժման գերժամանակակից եւ ֆունկցիոնալ համակարգեր:

Այս ոճը ողջունում է վառ գույների համադրությունը. կարմիր, մանուշակագույն, նարնջագույն, ուլտրամարին (վառ կապույտ), ինդիգո, մուգ կարմիր գույները՝ սեւի, նաեւ՝ սպիտակի հետ:

Դասական ոճի խոհանոցն ամենից առաջ գծերի եւ ձեւերի նրբությունն է, ինչպես նաեւ հանգիստ երանգներով գունային լուծումները: Դասական ոճի անբաժանելի մասն է համարվում ճակատամասի ավանդական զարդանախշը:

Վառ ճակատամասերը կարելի է ընդգծել մուգ քիվերով, բաց գույնի փայտե դարակներով: Այս դեպքում անգամ ամենափոքր տարածության մեջ փայտից արված դասական խոհանոցը չի ճնշի այնտեղ գտնվողին:

Կարելի է կախովի պահարանների տակ ունենալ բաց դարակներ, որոնք ոչ միայն ֆունկցիոնալ կլինեն, այլեւ դեկորատիվություն կհաղորդեն»:



© NEWS.am STYLE