Այսօր զոքանչների օրն է

12:56   26 հոկտեմբերի, 2012

Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայի ու Եվրոպայի մի քանի երկրներում նշում են զոքանչի օրը։ Այս տոնը XX-րդ դարի կեսերին ամերիկացիների կատակն է եղել, սակայն հետագայում այն «լուրջ» իրադարձության կարգավիճակ ստացավ ու ներխուժեց հարեւան երկրներ։

Հենց այս օրը փեսաներն ամեն կերպ պետք է բավարարեն իրենց կնոջ մորը, իսկ զոքանչները՝ անպայման հյուրասիրեն նրանց իրենց պատրաստած թխվացքով։

Զոքանչին այսօր պետք է շնորհակալություն հայտնել՝ իր աղջկան լավ դաստիարակելու համար, ինչի շնորհիվ նա շատ լավ տնտեսուհի, հավատարիմ կին եւ հոգատար մայր է դարձել։ Զոքանչի տնեցիներն ու փեսան այսօր հատկապես ուշադիր ու զգույշ պետք է լինեն զոքանչի հանդեպ ՝ իրականացնելով նրա ցանկություններն ու նվերներ տալով նրան, գրում է http://nezabud-ka.ru-ն։

Հնարավոր է, սա ընտանիքի երկու անդամների միջեւ հավերժական հակասությունը հաղթահարելու եւս մեկ միամիտ փորձ է։ Նրանց միչեւ բարդ ու ոչ միանշանակ հարաբերությունները կատակի թեման են մարդկության գոյության սկզբից ի վեր։ Պարզվում է՝ նույնիսկ տոները ոչինչ չեն փոխում. զոքանչի ու փեսայի միջեւ հակասությունն անխուսափելի է, որքան էլ կատարյալ մարդ լինեն նրանք, պնդում են հոգեբանները։

Մի իմաստունի հարցնում են, թե ո՞վ է ամենաերջանիկ մարդն աշխարհում, եւ նա պատասխանում է. բիբլիական Ադամը՝ նա երբեք զոքանչ չի ունեցել…



© NEWS.am STYLE