ՈւՀԱ-ի հայկական լիգան տոնեց 20-ամյակը (ֆոտո)

23:18   8 մայիսի, 2013

Մայիսի 8-ին ՈւՀԱ-ի հայկական լիգան Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տոնեց 20-ամյակը:

Որ ՈւՀԱ-ն հարուստ պատմությամբ թիմային խաղ է, երեկոյի մեկնարկին հայտարարեց Հայաստանի ՈւՀԱ թիմերի ասոցիացիայի նախագահ, «ԵրԲԻ» («ЕрМИ») թիմի նախկին անդամ Կարեն Ղազարյանը: Հենց նա էլ վարեց համերգային ծրագիրը, որը բացվեց լեգենդար՝ «Մենք սկսում ենք ՈւՀԱ-ն» խոսքերով:

Տոնական երեկոն սկսվեց 20 տարով հասունացած «ԵրԲԻ»-ի մասնակիցների ելույթով. թիմ, որը դարձավ 1992-1994 թ.թ. սեզոնի չեմպիոնը: Թիմի համար հիշարժան այդ ժամանակաշրջանի մասին պատմեց մեկ այլ ՈւՀԱ-ական Արմեն Գրիգորյանը: Նա ներկայացրեց ՈւՀԱ-ի հայկական լիգայի ստեղծման պատմությունը, որը սկսվեց 1992 թվականին, Երեւանում: Այդ ժամանակ մայրաքաղաքային տաղանդավոր երիտասարդության մասնակցությամբ կազմավորվել էր 6 թիմ. «Джентельмены удачи», «Шок», «Х», «Карин», «Игроки», «Виртуозы Еревана», որոնք էլ հիմք դրեցին Ուրախների եւ հնարամիտների ակումբի հայկական լիգային:

 Համերգի կազմակերպիչներին հաջողվել էր հավաքել բոլոր այդ ՈւՀԱ-ականներին: Առաջինը ելույթ ունեցան կանացի «Шок» թիմի անդամները: Նրանք իրենց մասնակցությունը ՈւՀԱ-ում բացատրեցին այսպես. «Բոլորը վազեցին ՈւՀԱ, ես էլ վազեցի: Մայրս ինձ ասում էր. «Այնտեղ մի գնա, համալսարան գնա, թե չէ ՈւՀԱ-ն գլխին կտա, բոլորովին չես ամուսնանա»:

«Виртуозы Еревана» թիմը որոշեց ելույթի սկզբում մտորել 20-ամյա վաղեմության իրադարձությունների մասին. «Եթե ես 20 տարի առաջ փոքր-ինչ խոհեմ լինեի, Իսպանիայում կորդեգրեի Մեսսիին, եւ այդ ժամանակ Երեւանում լավ ֆուտբոլային թիմ կլիներ»:

Հաջորդը բեմ հրավիրվեց «Игроки» թիմի նախկին անդամ, ներկայում Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով կարդաց Սերժ Սարգսյանին գրված հումորային ողջույնը: «Ասելու բան կար, բան շատ բան ասել չէր կարելի»,- դառը-կատակային ոճով իր ողջույնն ավարտեց Վիգենը:

Այնուհետեւ իր «հումորային» վարպետությունը ցուցադրեց Հայաստանի «ամենից ինտելեգենտ»՝ Երեւանի կոնսերվատորիայի թիմը, որ հաղթող էր դարձել 1996 թվականին: «Հայ նետաձիգները քյաբաբին սոխ ավելացրեցին եւ որակազրկվեցին Օլիմպիական խաղերում»,- կատակեցին երաժիշտները:

Տոնական երեկոյի երկրորդ հատվածում հանդիսատեսին զվարճացրեց ՈւՀԱ-ի երիտասարդ սերունդը՝ «Բարի հայեր», «Երիտասարդական» թիմերը, հյուրեր Թբիլիսիի պետական համալսարանից եւ այլն:

Ֆոտո։ Արսեն Սարգսյան/ NEWS.am STYLE



© NEWS.am STYLE