Մասնագետի խորհուրդները. ուղիղ եւ գանգուր մազերի ծավալի գաղտնիքները

21:12   17 մայիսի, 2013

Մեզանից յուրաքանչյուրը գիտե գեղեցիկ մազերի գաղտնիքներից մեկը. կարեւոր չէ, մազերն ուղիղ են, թե գանգուր, կարեւոր է, որ դրանք ճիշտ չափով ծավալ ունենան: Համաձայնեք, որ լղոզված մազերն այնքան էլ լավ տպավորություն չեն թողնում, տհաճ տեսք ունեն եւ, որ ավելի վատ է, բարդույթավորում են իրենց տիրուհուն:

Իսկ ինչպե՞ս մազերի ծավալ ստանալ: Պարզվում է՝ վարսահարդարիչի օգնությամբ: Մանրամասների մասին կպատմի վարսահարդար Հասմիկ Դավթյանը:

«Մազերին ծավալ հաղորդելու միջոցն ընտրում են՝ կախված այն բանից, մազերն ուղի՞ղ են, թե՞ գանգուր:

Ուղիղ մազերի համար

1. Վարսահարդարիչով սանրվածք անելուց առաջ գլուխը ներքեւ իջեցրեք եւ վարսերը սրբիչով չորացրեք: Նույն դիրքում քսեք նաեւ ծավալ հաղորդող միջոցը:

2. Մազերը պետք է հարդարել ոչ մեծ անկյունագծով կլոր խոզանակով (այս դեպքում նշանակություն չունի, մազիկները բնական են, թե ոչ): Դյուրին խնդիր չէ. պետք է չորացնելու ընթացքում խոզանակն անդադար պտտեք եւ այն հորիզոնական դիրքով պահեք: Որպեսզի սանրվածքը բնական ստացվի, այլ ոչ թե տիկնիկի նման, մի փունջը չորացրեք՝ շարժվելով դեպի դեմքը, մյուսը՝ հակառակ ուղղությամբ:

3. Մի մոռացեք մազերի լաքի եւ ձեռքով բարձրացնող մի քանի շարժումների մասին:

Գանգուր մազերի համար

• Կարող եք հատուկ կրեմ գնել եւ քսել մազերի ամբողջ երկայնքով՝ բացառությամբ մազարմատների: Այն կհարթի խոպոպները եւ դրանք ավելի ենթարկվող կդարձնի:

• Մազափնջերը ծոծրակից դեպի վեր բարձրացրեք եւ հերակալով ամրացրեք: Փնջերը ոչ մեծ կլոր խոզանակով քաշեք դեպի առաջ եւ ներքեւ ուղղությամբ:

• Անջատեք վարսահարդարիչը: Խոզանակը հորիզոնական բռնելով՝ ծայրերից սկսած ոլորեք մազափունջը: Այնուհետեւ ձեռքը շեղակի պահեք եւ այդ դիրքով մի քանի վայրկյան մնացեք: Թողեք, որ մազերը սառչեն:

• Սանրվածքին փայլ հաղորդող սփրեյ ցողեք»:



© NEWS.am STYLE