«Մերսեդես»-ն աճուրդում վաճառվել է ռեկորդային 30 մլն դոլարով

17:24   13 հուլիսի, 2013

1954 թվականի Formula-1 ավտոմրցարշավի «Mercedes W196»-ը Goodwood Festival of Speed աճուրդում վաճառվել է ռեկորդային 29.6 մլն դոլարով: Այս մասին տեղեկացնում է F1fanatic.co.uk կայքը:

 

Ավտոմեքենան գերազանցել է նախորդ ռեկորդը. 2011 թվականին աճուրդի ժամանակ 11 մլն դոլարով Ferrari էր վաճառվել:

Այս «Mercedes»-ով 1954 թվականին Formula-1-ի հնգակի չեմպիոն, արգենտինացի ավտոմրցարշավորդ Խուան Մանուել Ֆանխիոն նվաճել էր իր երկրորդ տիտղոսը:

 

1954-ին Ֆանխիոն այս մեքենայով երկու գրան պրի է շահել՝ Գերմանիայում եւ Շվեյցարիայում, որը դարձել էր գերմանական գործարանի թիմի առաջին նման հաջողությունը հետպատերազմական շրջանում:

Մի շարք ցուցադրությունների մասնակցելուց հետո, 1980-ականներից մեքենան մասնավոր ձեռքերում էր: Կոլեկցիոներների կարծիքով, այն մրցարշավային ամենից արժեքավոր նմուշներից է, որ երբեւէ հանվել է աճուրդի:



© NEWS.am STYLE