Լիդուշիկը ծննդյան 14-ամյակը տոնեց մենահամերգով

14:55   15 հուլիսի, 2013

Հայկական աստղաբույլ երկնքի փոքրիկ աստղիկ Լիդուշիկը ծննդյան 14-ամյակը եւ բեմական գործունեության 10-ամյակը տոնեց մենահամերգով, որը տեղի ունեցավ Երեւանում, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Համերգի պատվավոր հյուրերն էին ֆրանսիաբնակ փոքրիկ հրաշք Ռաֆֆի Արտոն, Չեխիայից ժամանած Դիանա Քալաշովան, Նունե Եսայանը: Երեկոն վարում էր երգահան Ավետ Բարսեղյանը: 

Համերգին հնչեց նաեւ 3 երգի պրեմիերա, եղան գեղեցիկ պարային կատարումներ:

«Այդ օրն ինձ համար 10 տարիների ամփոփիչ համերգ է լինելու: Բայց կարծում եմ, որ քանի դեռ ցանկություն ունեմ երգեր կատարել երեխաների համար, ուրեմն կշարունակեմ երգել եւ ժամանակի ընթացքում աստիճանաբար կանցնեմ պատանեկան կատարումների»,- ավելի վաղ NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում նշել էր փոքրիկ աստղը:

Դահլիճում նկատեցինք Անդրանիկ Հարությունյանին՝ կնոջ եւ փոքրիկի հետ, Գրիգոր Դանիելյանին՝ կնոջ հետ, Արսեն Գրիգորյանին՝ ընտանիքի հետ, Լիլիթ Կարապետյանին, Միհրան Ծառուկյանին եւ ճանաչված այլ անձանց:

«Փոքրերի աշխարհի դիցուհին», ինչպես Լիդուշիկին կոչեց Ավետ Բարսեղյանը, ստացավ անսահման ծաղիկներ եւ ծափահարություններ: Համերգի 3 ժամն այնքան աննկատ անցավ, որ նույնիսկ դահլիճում եղած փոքրիկները չհասցրեցին հոգնել: Բոլորը պարում էին եւ ձայնակցում: Լիդուշիկն իսկական տոն պարգեւեց թե՛ փոքրերին, թե՛ մեծերին:



© NEWS.am STYLE