«Առաջին իսկ երգից հետո հանդիսատեսի շնորհիվ հուզմունքս չքացավ». Լիդուշիկը՝ մենահամերգի մասին

21:10   17 հուլիսի, 2013

Հայկական հիասքանչ աստղիկ Լիդուշիկի մենահամերգն իսկական տոն էր Հայաստանի փոքրիկ մանուկների համար: NEWS.am STYLE-ը փոքրիկ երգչուհուն խնդրեց պատմել զգացողությունների եւ տպավորությունների մասին:

Լիդուշ, ի՞նչ ես զգում հիմա:

Համերգի տպավորություններից ինձ համար ամենից կարեւորը հանդիսատեսի վերաբերմունքն էր յուրաքանչյուր համարից հետո, ջերմ ու բուռն ծափահարությունները: Ես շատ երջանիկ եմ…

Իսկ այդքան ծաղիկ երբեւէ ստացե՞լ էիր:

Այո, ստացել էի առաջին CD սկավառակիս շնորհանդեսի ժամանակ: Բայց այս անգամ շատ ավելին էր:

Արդարացա՞ն սպասումներդ:

Այո՛, սպասումներս արդարացան եւ առաջին իսկ կատարումից հանդիսատեսի շնորհիվ չքացավ հուզմունքս, ավելի ճիշտ` անհանգստությունս:

Լիդ, իսկ ե՞րբ ես մեծանալու, սկսես մեծերի երգեր երգել...

Շատերն արդեն ասում են (հատկապես համերգի ժամանակ դիտելով 4-ամյա Լիդուշիկին), որ մեծացել եմ: Ես էլ կատակով պատասխանում եմ. «Դե, ես «փոքրերի աշխարհի» մեծերից եմ»: Երգերս նույնպես պետք է քայլ առ քայլ մեծանան, ինձ համապատասխան:

Կա՞ մի բան, որ սպասում էիր այդ օրը, բայց չիրականացավ:

Ո՛չ: Ամեն ինչ իրականացավ, նույնիսկ սպասվածից ավելին էր: Այդ էլ ինձ մեծ ուժ եւ ոգեւորություն պատճառեց:

Ի վերջո, տոնական տորթի մոմ փչեցի՞ր:

Ունեցա եւ դրա համար շնորհակալ եմ «X մոլորակ» մանկական սրճարանի տնօրենին, ով ներկա էր իմ համերգին եւ անմիջապես հետո գեղեցիկ անակնկալ մատուցեց ինձ ու իմ հյուրերին: Այդ ժամանակ էլ փչեցի անակնկալ տոնական տորթի մոմերը: Երբ սրճարան մտա, տորթիս մոմերը վառվեցին ու բոլորը սկսեցին երգել:

Հետագա նախագծեր արդեն ունե՞ս:

Հրավեր եմ ստացել «Մանկական Նոր Ալիք»-ի կազմակերպիչներից, պետք է մեկնեմ Արտեկ` գալա-համերգին մասնակցելու: Իսկ թե ո՞ր աստղի հետ եմ երգելու, տեղում կորոշվի:

Իսկ արդեն որոշե՞լ ես, թե ինչպես ես նշելու հաջորդ՝ արդեն 15-րդ տարեդարձդ:

Այդ մասին դեռեւս չեմ մտածել այդ մասին: Պարզապես վայելում եմ այս տարվա տոնիս ուրախությունը:

Զրուցեց Մարինա Ադուլյանը



© NEWS.am STYLE