Վրաստանում ավելանում է «վկայականով կույսերի» թիվը

13:04   24 հուլիսի, 2013

Վրաստանում ավելի շատ կանայք են սկսել կուսության վկայական ձեռք բերել:

Կուսությունը որոշելու խնդրանքով հաճախ դիմում են Թբիլիսիի Դատական փորձաքննության ազգային բյուրո: Նման խնդրանքով տարեկան միջինը 200 մարդ է դիմում:

Ապագա ամուսնու, սկեսուրի կամ հարսնացուի սեփական նախաձեռնությամբ կուսությունը որոշում է 3 փորձագետի մասնակցությամբ հանձնաժողովը:

Բժշկի սենյակում ստուգումը կատարում են երեք փորձառու մասնագետները՝ հատուկ լուսասարքով անմիջական տեղային զննման միջոցով: Փորձագետները նաեւ բացահայտում են, արդյո՞ք «կույսը» մինչ այդ կուսաթաղանթի վերականգնման գործողություն է կատարել:

«Նման դիմումների պատճառը ինչ-որ մեկի մոտ արդարանալն է, այս դեպքում՝ կույս լինելն ապացուցելը: Եղել են դեպքեր, երբ ամուսնական առաջին գիշերից հետո տղամարդը կասկածել է կնոջ պարկեշտությանը: Հաճախ փորձաքննությունից եւ ճշմարտության բացահայտումից հետո զույգն ուրախ եւ երջանիկ հեռացել է»,- նշում է բյուրոյի փորձագետը:

Փորձաքննության արժեքը 175 լարի է (107 դոլար), իսկ եզրակացությունը տրվում է 4-5 օրվա ընթացքում: Տեղեկանքը կարելի է ստանալ նաեւ 1 օրում՝ վճարելով 350 լարի (214 դոլար):

«Կույսերի» տարիքը տատանվում է անչափահասներից մինչեւ 35-40 տարեկանի սահմաններում:

Հարկ է նկատել, որ «Իմեդի» հեռուստաընկերության տեսանյութը մեծ արձագանք է ստացել սոցիալական ցանցերի վրացական օգտատերերի շրջանում, ընդ որում, մեկնաբանությունների մեծ մասում քննադատական գնահատականներ են հնչում:



© NEWS.am STYLE