Գեղեցկուհի Էմիլիա Զորյանը Miss Global 2013-ում ներկայացնելու է Հայաստանը. NEWS.am STYLE-ի բացառիկ հարցազրույցը

13:53   25 հուլիսի, 2013

Օգոստոսի սկզբին Լոս Անջելեսում Miss Global 2013 նոր գեղեցկության մրցույթ է մեկնարկելու: Սա բացառիկ նախագիծ է, որտեղ արտաքին տվյալներից բացի, գնահատվելու է նաեւ ինտելեկտը, մշակութային եւ ազգային բազմազանության ունակությունները եւ հասարակական գործունեության հանդեպ սերը: Բազմազգ մրցույթն ընդունելու է մասնակիցների ամբողջ աշխարհից, որոնց թվում է մեր հայրենակիցը՝ գեղեցկուհի Էմիլիա Զորյանը:

22-ամյա Զորյանի մասին Հայաստանում քիչ բան գիտեն: Աղջիկն ԱՄՆ է փոխադրվել դեռեւս 1990-ականներին: Ուսանելով Կալիֆորնիական հեղինակավոր համալսարանում, Էմիլիան նկարահանվել է գովազդային եւ այլ հոլովակներում: 2010 թվականին նա նկարահանվել է նաեւ ամերիկյան Falling Overnight դրամայում, որտեղ փայլուն կերպով հանդես է եկել Քլոե Ուեբբի դերում՝ երիտասարդ աղջկա, ով սիրահարվում է Էլիոթ Կարսոնին: Վերջինին գլխուղեղի ուռուցքի բարդ վիրահատություն է սպասվում: Ֆիլմը լայն ընդունելություն է գտել անկախ քննադատների եւ հասարակական կազմակերպությունների կողմից:

Մրցույթի մեկնարկից մեկ շաբաթ առաջ NEWS.am STYLE-ն Էմիլիա Զորյանի հետ զրուցել է կարիերայի, ընտանիքի եւ, իհարկե, Miss Global 2013 մրցույթի մասին:

 

Կպատմե՞ք Ձեր եւ Ձեր կարիերայի մասին: Ինչպե՞ս փոխադրվեցիք ԱՄՆ եւ ինչո՞վ եք այնտեղ զբաղվում:

Ես Միացյալ Նահանգներ փոխադրվել եմ, երբ դեռ փոքր երեխա էի: ԱՄՆ-ում գնացել եմ տարրական, այնուհետեւ՝ ընդհանուր միջնակարգ եւ ավագ դպրոց: Ներկայում մոդելային բիզնեսով եմ զբաղվում, նկարահանվում եմ կինոյում եւ գովազդային հոլովակներում, նաեւ գրում եմ: Բացի այդ, զբաղվում եմ բիզնեսով:

 

Իսկապե՞ս պատրաստվում եք Լոս Անջելեսում կայանալիք Miss Global 2013 մրցույթում ներկայացնել Հայաստանը:

Այո, ճիշտ է: Ամեն ինչ անսպասելի ստացվեց: Այդ մրցույթի մասին կարդացի համացանցում եւ որոշեցի մասնակցել: Կարողացա լավ հովանավորներ գտնել, ովքեր համաձայնեցին աջակցել ինձ: Դա կոսմետիկ միջոցների եւ պարֆյումերիայի ամերիկյան հայտնի Paul Mitchel ընկերությունն է: Պարզվեց՝ ընկերության ներկայացուցիչներն առատաձեռն մարդիկ են, ովքեր մրցույթի հետ կապված բոլոր ծախսերն իրենց վրա են վերցրել: Նրանք նաեւ հոգալու են հյուրանոցում իմ կեցության, սննդի եւ, իհարկե, արտաքինի հետ կապված ծախսերը: Ես շատ ուրախ եմ Miss Global 2013-ում Հայաստանը ներկայացնելու համար: Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ներկա լինել այդ միջոցառմանը, կարող են ավելի մանրամասն տեղեկություններ գտնել Miss Global 2013-ի պաշտոնական կայքում՝ www.missglobal.com հասցեով:

 

ԱՄՆ-ում ապրում եք մանկության տարիներից: Որեւէ բան գիտե՞ք Հայաստանի եւ հայերի մասին, հետեւո՞ւմ եք Հայաստանում կատարվող իրադարձություններին:

Բացի հայ ընկերներից, ում հետ կապ եմ պահպանում Հոլիվուդում, ես նաեւ հայկական ընտանիքում եմ ապրում: Սիրում եմ պարել հայկական մեղեդիների ներքո, ծանոթ եմ հայկական խոհանոցին, բայց իմ մշակույթն իսկապես սիրեցի Կալիֆորնիական համալսարանում ուսանելու տարիներին: Չնայած այնտեղ տնտեսագիտություն էի ուսանում, ուսումնական ծրագրի կանոնների համաձայն, կարող էի նաեւ ցանկացած այլ առարկա ընտրել: Ես սկսեցի ուսումնասիրել աստղագիտություն, Ռուսաստանի եւ Հայաստանի մշակույթ: Համալսարանում ես մասնակցում էի պրոֆեսոր Փիթեր Քոուիի դասախոսություններին, ով հայոց պատմություն է դասավանդում: Նա հայերին եւ հայոց պատմությանը վերաբերող բազմաթիվ գրքերի հեղինակ է: Նրա որոշ աշխատություններ հրապարակվել են Քեմբրիջի համալսարանում: Նրա շնորհիվ ես ծանոթացա հայ շատ գրողների, բանաստեղծների, պատմաբանների ստեղծագործություններին՝ սկսած Սասունցի Դավթից մինչեւ Կոմիտաս կամ Րաֆֆիի պատմավեպերը:

 

ԱՄՆ փոխադրվելուց հետո Հայաստանում եղե՞լ եք: Եթե ոչ, ապա ծրագրո՞ւմ եք:

Ցավոք, ԱՄՆ փոխադրվելուց հետո ոչ մի անգամ Հայաստանում չեմ եղել: Բայց երբ խորամուխ եղա Հայաստանի պատմության եւ իմ ժողովրդի մշակույթի ուսումնասիրության մեջ, մեծ ցանկություն առաջացավ տեսնել Հայաստանը, այցելել եկեղեցիները եւ պատմական այլ վայրեր:

 

Հարցազրույցներից մեկում ասել եք, որ Ձեր կյանքը լի էր դժվարություններով: Այդ ԱՄՆ փոխադրվելու հետ որեւէ առնչություն ունի՞:

Կարծում եմ՝ կարող եմ կիսել յուրաքանչյուր ներգաղթյալի զգացողությունները: Դժվար է հատկապես լեզվական պատնեշը հաղթահարելը: ԱՄՆ մեկնելուց առաջ մենք անգլերենն ուսումնասիրելու բախտը չենք ունեցել, եւ արդեն Ամերիկայում ես պետք է արագորեն սովորեի լեզուն, որպեսզի ընտանիքիս օգնեի փաստաթղթերը թարգմանելու հարցում, միգրացիոն ծառայությունում եւ այլն: Այդ պահերին ես ընտանիքիս միակ հույսն էի: Իմ ուսերին դրված մեծ պատասխանատվության պատճառով, ինձ համար՝ որպես երեխայի, այդ մեծ սթրես էր: Սակայն ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում: Այդ ամենն ինձ սովորեցրեց ուժեղ լինել եւ կարողանալ հաղթահարել դժվարությունները: Երբեմն նկատում եմ, որ ինքս ինձ համար նոր «փորձություններ» եմ փնտրում:

 

Ես կարդացել եմ, որ խիստ հայկական ընտանիք ունեք: ԱՄՆ փոխադրվելուց հետո որեւէ բան փոխվե՞լ է:

Ճիշտ է, ես խիստ հայկական ընտանիք ունեմ: Այն խիստ էր ի սկզբանե, բայց ես չէի ասի, որ իմ ծնողները խիստ են, քանի որ հայ են: Կարծում եմ՝ նրանք խիստ են, քանի որ ցանկանում են ինձ պաշտպանել բազմաթիվ դժվարություններից, որոնց ես կարող էի բախվել կյանքում: Նրանք ցանկանում են վստահ լինել, որ ես ճիշտ ճանապարհ եմ ընտրել եւ ճիշտ որոշումներ եմ կայացնում: Հատկապես այն ծնողների համար, ովքեր դուստր են մեծացնում, շատ դժվար է նրան հասուն կյանք ճանապարհել: Կարծում եմ, որ երկար տարիների ընթացքում կայացրած ճիշտ որոշումներով կարողացել եմ ապացուցել ծնողներիս, որ կարող եմ ինքնուրույն լինել եւ ազատության իրավունք ունեմ: Նույնիսկ հիշում եմ, որ համալսարանական առաջին տարին անցկացրել եմ ուսանողական ավանում, ինչն ամենեւին էլ ոչ բոլոր արեւելյան ընտանիքներում է ընդունված: Սակայն իմ ճիշտ վարքագծով կարողացա վայելել իսկական ազատությունը:

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք դիտել տեսանյութում:

Գրիգոր Ավետիսյան



© NEWS.am STYLE