Հայկական արմատներով հանրահայտ դերասանուհի Նորա Արմանին մտադիր է Նյու Յորքում կինոփառատոն հիմնել

19:07   21 օգոստոսի, 2013

Հայկական արմատներով ճանաչված դերասանուհի Նորա Արմանին եւ Ռեժիսորների լաբորատորիայի հիմնադիր-տնօրեն Մայք Կաումանը հայտարարել են Նյու Յորքում իր տեսակի մեջ եզակի՝ Սոցիալական նշանակության կինոյի փառատոն հիմնադրելու մտադրության մասին: Այս մասին տեղեկացնում է The Armenia Mirror Spectator-ը:

Այդ մասին Արմանին ասել էր այս տարի Կանն այցելության ժամանակ, սակայն նման փառատոն ստեղծելու գաղափարը նրա մոտ վաղուց էր ծնվել:

Ըստ տեղեկությունների, կինոփառատոնը նվիրված է լինելու ժամանցային եւ կոմերցիոն հաջողված կինոյին, որը չի պարունակում բռնության տեսարաններ, անառակության քարոզչություն եւ սենսացիա: Փառատոնն անցկացվելու է Մանհեթենում, ինչպես նաեւ Քերիի ինստիտուտի Carey Center for Global Good կենտրոնում:

Հիշեցնենք, որ Նորա Արմանին (Էքսերջյանը) ծնվել է եգիպտական Գիզա քաղաքում, հայկական ընտանիքում: Մանկության տարիներին հաճախ այցելելով թատերական ներկայացումների՝ նա երազել է բեմի մասին: Պատանի տարիքում ուղեւորվել է Անգլիա՝ ուսանելու: Ժամանակի ընթացքում ընտրել է Արմանի կեղծանունը, որը ծագում է մոր Արմինե անունից: Ուսումն ավարտելուց հետո սկսել է մասնակցել թատերական բեմադրությունների եւ նկարահանվել ֆիլմերում: Նորա Արմանին Կահիրեի Ամերիկյան համալսարանի բակալավրի եւ Լոնդոնի տնտեսագիտական ինստիտուտի մագիստրոսի կոչում ունի:

Նորան նկարահանվում է հայ, ֆրանսիացի, ամերիկյան եւ եգիպտական ռեժիսորների ֆիլմերում: Նա կինոյի եւ թատրոնի մի շարք պարգեւներ ունի, Հայաստանի թատերական գործիչների միության պատվավոր անդամ է: Դերասանուհու բազմաթիվ դերեր արժանացել են մամուլի եւ քննադատների բարձր գնահատականին: Նրա ամենահայտնի աշխատանքներից է On The Couch With Nora Armani մոնոներկայացումը, որում Նորան ներկայացնում է Ցեղասպանությունը վերապրած իր ընտանիքի պատմությունը:



© NEWS.am STYLE